SHAMSHYAN.com-ի խմբագրություն է ահազանգել Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի բնակչուհի Քնարիկ Փիլիպոսյանն ու հայտնել, որ նախորդ տարի իր 18-ամյա տղային հայտնաբերել են ջրատարի մեջ խեղդված վիճակում, մինչդեռ, ըստ մոր կասկածների, իր տղան ոչ թե խողդվել է, այլ սպանել են:
SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում տիկին Քնարիկն ասում էր. «Նախորդ տարի հուլիսի 24-ին իմ տղան Երեւանից եկավ գյուղ, գնացել էր համալսարան՝ պայմանագիր կնքի ու տեղեկացնի, որ ցանկանում է «Ես եմ» ծրագրով զորակոչվի բանակ:
Տղաս եկավ տուն, մեր բակի 3 տղա երեխաներ, ովքեր իրենից տարիքով փոքր էին, եկան մեր տուն, երեխուն հանեցին տանից, հայաթում կատակ արեցին, տղաներից մեկն էդ պահին ասեց՝ երեխուն տանենք կանալը խեղդենք, թող բանակ չգնա, կատակի տվեցինք, անցավ գնաց: Երեխես պետք է 26-ի առավոտ բանակ գնար, էն էլ 24-ը 26-ից շուտ եկավ»,- պատմեց մայրը, շարունակելով. «Ժամը 16:30-ի սահմաններում տղուս տարան տանից, ժամը 17:30-ին խաբարն եկավ, որ երեխես խեղդվել ա: էդ 3 ընկերները խաբեցին տարան, թե իբր գնում են դաշտից աստիճան բերելու, բայց գնում են կանալ, ու չգիտեմ….դիտավորյալ սպանեցին, թե ինչ արեցին:
Իմ երեխեն մաքուր շորերով եկել ա Երեւանից, նույն շորերով գնացել ա, բայց շորերի վրա լրիվ լաքաներ էր, դեմքն ամբողջությամբ ծեծված, ձախ ունքի վերեւը բացված էր, աչքի տակ և ականջի վրա կային քերծված հետքեր, աջ կողմն էլ էր վնասված, քիթն էլ էր ջարդված, ահավոր ծեծված էր, ու նենց տպավորություն էր, որ էդ իր բլուզկով արյուն ու քրտինք է սրբել:
Քննիչը մեր իրավահաջորդի թղթի վրա գրել է, որ 3 տղաները տարել են Փիլիպոսյան Դավիթին գերեզմաններին կից Ախուրյանի ջրանցքի մոտ, հասցրել մարմնական վնասվածքներ, հետո տղան ջրահեղձ է եղել: Սա նշանակում է, որ սկզբից ծեծել են, հետո միտումնավոր, հավանաբար, սպանելու նպատակով գցել ջուրը: Քրեական գործ չէր հարուցվել:
Օգոստոսի 15-ին, երբ երեխու շորերը տեսա, զանգեցի դատախազություն, գնացել բողոքարկել ենք, արդեն գործը կարճվում էր բողոք չլինելու պատճառով, բայց նույն քննիչները չէին հասկանում, որ մենք սգի մեջ ենք, 18 տարեկան մինուճար տղա ենք կորցրել…էն էլ դաժան ծեծելու ու խեղդամահ անելու միջոցով»:
Որդեկորույս մայրը կարծում է՝ տղային նախ ծեծել են, ապա նետել ջրանցքը. «Դատաբժշկի եզրակացության մեջ գրված է՝ մահը կարող էր վրա հասնել կանավից եւ այլ հանգամանքներում, հենց էդ այլ հանգամանքը՝ ծեծել, ապա հետո ջուրը գցելն է նշանակում: Հանցագործներն իրենց տանը տղուս շորերը 8 օր պահել են, հետո են բերել տվել մեզ»:
Մոր խոսքով՝ տղային ջրանցքից հանել է գյուղի նախրապանը. «Մենք ամբողջ քննությունը բողոքարկել ենք, ինչի արդյունքում քննիչին փոխել են: Ամեն ամսի 24-ին ծաղիկ եմ տանում տղայիս գերեզմանին, բայց ծաղիկների գլուխները կտրում տանում են, չգիտեմ՝ սրանով ուզում են ինձ լռեցնեն, թե ինչ անեն, չեմ հասկանում: Գնացել էի Երեւան՝ հանրային պաշտպան վերցնելու, էն էլ ասին՝ շրջաններից եկած մարդկանց առանձին ընդունելության օր կա, իսկ գործը այս պահին գտնվում է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի քննչական վարչության վարույթում, չգիտեմ էլ ինչ անեմ:
Մենք պահանջում են քննչական կոմիտեի նախագահից, որպեսզի այս առեղծվածային ու դաժան սպանությունը բացահայտեն, հակառակ դեպքում մեր ընտանիքի անդամներով միանալու ենք ամեն հինգշաբթի կառավարությունում՝ բանակում սպանված ու կասկածելի հանգամանքներում զոհված զինվորների մայրերի բողոքի ակցիային:
Մանրամասները այստեղ