Թոքաբորբից մահացած օպերային երգչուհին միայնակ էր ապրում, նրա հիվանդության մասին ոչ ոք տեղյակ չէր

«Աննա Սարդարյանի դիահերձման արդյունքները ցույց են տվել, որ նա մահացել է թոքաբորբից: Մեր ստեղծագործական կոլեկտիվի հանդիպումը նրա հետ վերջին անգամ տեղի է ունեցել մարտի 13-ին: Դրանից հետո խմբերը աշխատանքի չեն գնացել: Մենք Աննայի հիվանդության մասին նույնիկս տեղյակ չենք եղել:

Իմացել ենք միայն մահվան լուրը: Գիտեմ միայն, որ երգչուհին միայնակ էր ապրում»,- նշեց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի փոխտնօրեն Կարինե Կիրակոսյանը՝ հավելելով, որ այլ տեղեկությունների թատրոնի ղեկավարությունը չի տիրապետում:

50 տարեկանում մահացել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի երգչախմբի երգչուհի Աննա Սարդարյանը: Նույն թատրոնի օպերային երգչուհի Մագդա Մկրտչյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Աննայի մոտ որևէ ախտանիշ չեն նկատել, նա մշտապես եղել է առողջ վիճակում:

«Բոլորս ցնցված ենք նրա մահվան բոթով: Աննան այն երգչուհին էր, որը գոտեպնդում էր բոլորիս, նա անչափ բարեսիրտ էր եւ կոլեկտիվի ամենանվիրված մարդկանցից մեկը»,-եզրափակեց Մագդա Մկրտչյանը:

Factor.am

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.