ԿԲ-ն անդրադարձել է «ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ»-ի վարկառուների վճարներին և պարտավորություններին

«ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ»-ի լուծարային հանձնաժողովը կզիջի ժամկետանց պարտավորություններ ունեցող հաճախորդների տույժերը և տուգանքները՝ մայր գումարի ամբողջական կամ մասնակի մարում իրականացնելու դեպքում։
Այս մասին տեղեկացնում է Հայաստանի կենտրոնական բանկի «Ֆեյսբուք»-ի էջը, հրապարակելով «ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ Լուծարվող ՈւՎԿ» ՓԲԸ Լուծարային հանձնաժողովի հայտարարությունը։

«2020թ. մարտի 26-ին հաստատված «ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ Լուծարվող ՈւՎԿ» ՓԲԸ Լուծարային ծրագրին համաձայն Լուծարային հանձնաժողովը որոշել է՝ այն հաճախորդները, որոնք 2020 թվականի ապրիլի 1-ի դրությամբ ունեն ժամկետանց պարտավորություններ, դրանց գծով զիջվելու են հաշվեգրված տոկոսները, միջնորդավճարները, տույժերը և տուգանքները՝ մայր գումարի ամբողջական կամ մասնակի մարում իրականացնելու դեպքում։ Այն հաճախորդները, որոնք 2020 թվականի ապրիլի 1-ի դրությամբ չունեն ժամկետանց պարտավորություններ, դրանց գծով առաջիկա երկու ամիսների ընթացքում չեն հաշվեգրվի լրացուցիչ որևէ գումարներ (տոկոսներ, միջնորդավճարներ, տույժեր և տուգանքներ): Այս հաճախորդների գծով պարտավորությունները նշված երկամսյա ժամանակահատվածում չեն դիտարկվի ժամկետանց։ Հարցերի դեպքում դիմել Լուծարային հանձնաժողովին՝ +(374 12) 700 000, [email protected]»,- ասված է հայտարարության մեջ։

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2020 թվականի մարտի 24-ի թիվ 13 ԾՕՀ Ա որոշմամբ ուժը կորցրած է ճանաչել «Վարկս Էյ ԷՄ» ՈՒՎԿ ՓԲԸ վարկային կազմակերպության լիցենզիան`ընդհանուր կապիտալի նվազագույն չափի պահանջը խախտելու համար:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.