Քիչ Առաջ. Հայտարարվել է վարչապետի նոր թեկնածուի անունը...

Վիգեն Սարգսյանը Հայաստանի առանցքային քաղաքական գործիչներից է եւ պատահական չէ, որ նա գլխավորում էր խորհրդարանի ընտրության ՀՀԿ ցուցակը, խորհրդարանում ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, Զինծառայության մասին օրենքի քննարկման ընթացքում: Նա այդպես պատասխանել է ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին: «Եվ նրա առաջնորդությամբ ՀՀԿ-ն ունեցել է կայուն մեծամասնություն, որի պատկերը դուք տեսնում եք այս դահլիճում», հայտարարել է Վահրամ Բաղդասարյանը: Բաղդասարյանն անվանական առումով լիովին իրավացի է՝ ՀՀԿ խորհրդարանական ցուցակը գլխավորել է Վիգեն Սարգսյանը, բայց ահա հայտարարության երկրորդ մասը՝ նրա առաջնորդությամբ կայուն մեծամասնություն ունենալու մասին, մեղմ ասած դե ֆակտո չի համապատասխանում իրականությանը:

Դրանում համոզվելու համար պարզապես անհրաժեշտ է պտտել ՀՀԿ նախընտրական հոլովակներն ու նախընտական հանդիպումների տեսագրությունները, որտեղ «անզեն աչքով» տեսանելի կլինի, որ ՀՀԿ «կայուն մեծամասնությունը» ձեւավորվել է ոչ թե Վիգեն Սարգսյանի, այլ Կարեն Կարապետյանի առաջնորդությամբ, եւ նա է եղել «առաջին ջութակը»:Ինչպես հայտնի է, Կարեն Կարապետյանը ՀՀԿ ցուցակը չգլխավորեց այն պատճառով, որ խնդիրներ կային Հայաստանում մշտական բնակության հետ կապված: Բայց Կարապետյանը ոչ միայն աշխույժ մասնակցել է ընտրարշավին, այլ գործնականում հենց նրա վրա էր կառուցված այդ արշավը: Վահրամ Բաղդասարյանն այդ ամենն անկասկած շատ լավ գիտե, եւ նրա հայտարարությունն ամենեւին անտեղյակության կամ թյուրիմացության, շփոթության հետեւանք չէ: Բաղդասարյանի հայտարարությունը իշխանության մեջ ստեղծված իրավիճակի արդյունք է:

ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավարը խոսելով Վիգեն Սարգսյանի առանցքային գործիչ լինելու եւ նրա առաջնորդությամբ կայուն մեծամասնություն ունենալու մասին, փաստացի տալիս է 2018 թվականի վարչապետի թեկնածուի անուն կամ հայտ: Մյուս կողմից, առաջնորդությունն իհարկե հարաբերական հասկացություն է, եւ նախընտրական արշավի Առաջին դեմք լինելը դեռեւս չի նշանակում լինել առաջնորդ, եւ Վահրամ Բաղդասարյանը գուցե իրավացի է նաեւ այն առումով, որ իրական առաջնորդողը Վիգեն Սարգսյանն էր, իսկ Կարեն Կարապետյանը՝ պարզապես ՀՀԿ «գովազդային դեմքը», որի հետ կուսակցության պայմանագրի ժամկետը լրանում է: Համենայն դեպս, հետաքրքիր է, որ Վահրամ Բաղդասարյանն ի պաշտպանություն Վիգեն Սարգսյանի անկեղծանում է այժմ, երբ Սերժ Սարգսյանն ու Սամվել Կարապետյանը հայտարարել են մեկ միլիարդ դոլարի ներդրումային համաձայնության մասին, որը գործնականում կարեւոր է ոչ այնքան որպես տնտեսական թիվ եւ հեռանկար, որքան որպես քաղաքական համաձայնություն, որի «արանքից» դուրս է եկել Կարեն Կարապետյանը:

Համենայն դեպս, մինչ այդ էլ եղել են Վիգեն Սարգսյանին պաշտպանելու առիթներ, սակայն թե Վահրամ Բաղդասարյանը, թե որեւէ այլ ՀՀԿ-ական չի անկեղծացել այնքան, որ ՀՀԿ խորհրդարանական «կայուն մեծամասնության»՝ այսինքն վարչապետի հարց լուծելու ունակ մեծամասնության առաջնորդ հռչակի Վիգեն Սարգսյանին, ակնարկելով, որ Կարեն Կարապետյանը փաստորեն չունի մեծամասնություն: Այդ իմաստով, Վահրամ Բաղդասարյանը բացում է խաղաքարտերը: Մյուս կողմից իհարկե հարց է առաջանում, թե ինչու, եւ արդյոք դա Վիգեն Սարգսյանի պաշտպանություն է, թե՞ հակառակը՝ նրան ժամանակից շուտ դարձնում է թիրախավորման ենթակա: 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.lragir.am