Կորոնավիրուսով վարակված ու առողջացած երկրորդ պացիենտը Հայաստանում դուրս է գրվում այսօր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Այսօր դուրս ենք գրում մեր երկրորդ առողջացած պացիենտին, ում մոտ հետազոտությունը ցույց է տվել վիրուսի բացակայություն, ինչպես նաև նրա մորը, ում հետ նա ապրել է 21 օր նույն սենյակում և չնայած դրան, այդպես էլ չի վարակվել վիրուսով կամ վարակվել և շուտ լավացել է: Ամեն դեպքում նրա բոլոր հետազոտությունները մինչ օրս բացասական են եղել:
Առողջություն եմ ցանկանում մնացած բոլոր պացիենտներին և շնորհակալություն հայտնում մեր համաճարակաբաններին և վարակաբաններին իրենց աշխատանքի համար:
Մնացած մեր քաղաքացիներին կոչ եմ անում պահպանել անձնական պաշտպանության բոլոր միջոցները, ինչպես նաև արտակարգ դրության կանոնները»,- գրել է նա:
ՀՀ կառավարությունը երկրում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն:
Մարտի 21-ի վերջին տվյալների դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը 160 է: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա ապաքինվել է և դուրս է գրվել: