«Սասնա ծռեր-2» խմբի անդամների գործով դատական նիստում, այսօր՝ նոյեմբերի 14-ին, գործով ամբաստանյալ Մարտիրոս Հակոբյանը (Դեդ) հայտարարությամբ հանդես եկավ:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ դատավոր Արթուր Օհանյանը փորձում էր հեռանալ խորհրդակցական սենյակ՝ ձայն չտալով Հակոբյանին, սակայն պաշտպանների միջամտությունից հետո դատավորը տեղի տվեց եւ ձայն տվեց ամբաստանյալին: Հայտարարության կեսից դատավորը փորձում էր հեռանալ դահլիճից՝ ընդհատելով հայտարարությունը, ինչի հետեւանքով ստիպված եղավ մինչեւ վերջ հոտըկայս ունկնդրել այն:
Ստորեւ ներկայացնում ենք հայտարարությունից մի հատված.
«Արդարատությունը սուրբ գործ է մաքուր տաճար, այստեղ պետք է մտնել մաքուր խղճով եւ արդար հոգով: Եվ այս զարհուրելի եռյակը մեկը մյուսին լրացնելով մի պահ չորս կողմը նայեցին կարծես մարդ էին փնտրում , սակայն դահլիճում քար լռություն էր տիրում, բոլոր լուռ էին, բայց զրպարտիչները հասկացան, որ այդ լռությունը զսպված ատելություն էր եւ
կարող էր անսպասելի պոռթկալ: Եվ արդարությունը ահավոր զրպարտությունից ապշեց քիչ էր մնում պայթի, քանի որ այդ դահճիները որոշել են սեփական ժողովրդին այնպես դատել, ինչպես դատեցին Արթուր Սարգսյանին (հաց բերողին-խմբ):
Արդարությունը զայրույթից պոռթկաց: Դուք թշվառական նողկալի հաճոյակատար, դուք ստրուկ կամակատար, չարժե անգամ հիշել ձեր անունները....իմացեք մենք հին ազգ ենք պատմության ընդերքից եկող: Ես եկել եմ դարերից ու գնում եմ դեպի դարերը, ինչպես քայլող պատմություն... ով, ողորմելիներ, այսօր զրպարտությունը ձեզ համար կապիտալ է կուտակում, իսկ վաղը լուսառատ արշալույսին, որի գալստյանը ես երբեք չեմ կասկածում, ձեր զրպարտությունները սեւ օձ կդառնան եւ կփաթաթվեն ձեր վզին, իսկ ես կլինեմ սարի գագաթին, ամենքին ի տես իսկ ձեզ այդ սեւ օձը թոկ դարձած կքաշի կմխրճի պատմության անտակ ճահիճը...
Եվ այսպես փորձում են շղթայված պահել արդարությունը ու ամենազարհուրելին այն է, որ դու լիարժեք արդար ես քո ժողովրդի, քո նոր հայրենիքի առջեւ, խղճի առջեւ, բայց չես կարող
համոզել, լսող չկա: Ով զրպարտիչներ, ստոր տականքներ դուք ավելի լեղի եք, քան օձի թույնը: Դուք ավելի դաժան եք քան ժանտախտը, դուք նողկալի եք ինչպես Հուդան ու Յագոն....»:
«Սասնա ծռեր-2»-ի գործով կա 11 ամբաստանյալ՝ Արամ Մանուկյան, Հովհաննես Հարությունյան, Թաթուլ Թամրազյան, Արամ Հակոբյան, Տիգրան Մանուկյան, Արայիկ Հակոբյան, Վարդան Գերավետյան, Մարտիրոս Հակոբյան, Սերգեյ Կյուրեղյան, Գեւորգ Իրիցյան, Թորոս Թորոսյան:
Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի: «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ
Գաբրիելյանը Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, իսկ անջատված մասերով երկու գործը կքննեն Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ news.am