Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներն այսօր՝ նոյեմբերի 14-ին, բարձրացրել են փոքր եւ միջին ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվողների նկատմամբ ՊԵԿ մարմինների կողմից ստուգումների հարցը:
Պատգամավորներից Միքայել Մելքումյանը հայտարարել է, որ իրենց են դիմել մի քանի հազար առեւտրականներ՝ հայտնելով, որ իրենց նկատմամբ ճնշումներ են գործադրվում, ստուգումներ են իրականացնում եւ թույլ չեն տալիս հանգիստ աշխատել:
«Այն, ինչ կատարվում է մանր եւ միջին առեւտրով զբաղվող վաճառականների նկատմամբ բացահայտ տեռոր է, որ մարդիկ մեկ կտոր հացից կտրվեն: Այն, ինչ անում են պատկան մարմինները, անթույլատրելի է, մարդու իրավունքների կոպտագույն խախտում է բացել մարդկանց պայուսակները, ստուգել, նման իրավասություն ոչ ոք չունի: Ուզում եք բյուջե
լցնել, տեղը ցույց ենք տալիս՝ բենզինի մոնոպոլիա, գազի մոնոպոլիա, գնացեք այդտեղ: Կառավարությունը, որ իր գործը տապալել է, պետք է իմանա՝ որտեղ պետք է գնա, գնացեք գազի վրա կառուցված դղյակները Մոնումենտի եւ տեսեք չարաշահումներ, օրինախախտումներ, ոչ թե փոքր ձեռներեցների պայուսակները մտեք: Սա կոպտագույն խախտում է»,- իր հերթին նշեց խմբակցության պատգամավորներից Նաիրա Զոհրաբյանը:
ԱԺ փոխնախագահ, նիստը վարող Էդուարդ Շարմազանովը հորդորեց խոսել քննարկվող թեմաներից՝ նշելով, որ կարող են հայտարարությունների ժամին այդ մասին խոսել: Գեւորգ Պետրոսյանը նույնպես փորձեց խոսել առեւտրականների խնդրի մասին, սակայն Շարմազանովը կրկին թույլ չտվեց, ինչից հետո վիճաբանություն սկսվեց «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների եւ Շարմազանովի միջեւ:
«Օրակարգը ձեւավորվում է երկրի քաղաքացիների կողմից, ցիտում եմ գործող վարչապետին. «Բա մենք ամենալիբերալ ազգն ենք, արա, բա որտեղի՞ց ձեր մեջ այդքան պալիտ բյուրո»: Խնդրում եմ մտցնել առեւտրականների մասին այս հարցն օրակարգում, որ մենք կարողանանք շրջել ՊԵԿ նախագահի հետ այն վայրերով, որտեղ ՊԵԿ աշխատակիցները շրջանցում են օրենքը»,- ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներից Տիգրան Ուրիխանյանը:
Շարմազանովը կրկին հորդորեց խոսել Կանոնակարգ-օրենքի շրջանակում: Արարատ Զոհրաբյանն առաջարկեց Խորհրդին արտակարգ նիստ հրավիրել եւ այս հարցը ներառել օրակարգում:
«50 հազար ստորագրությունը բերեք, նիստն անենք, մեռնեմ օրենքին»,- արձագանքեց ԱԺ փոխնախագահը:
Առեւտրականների խնդրի մասին փորձեց խոսել նաեւ Վահե Էնֆիաջյանը:
«Պետական մարմինների կողմից նրանց նկատմամբ չարաշահում է իրականացվում, խուզարկություն են իրականացնում ստուգումների պատրվակի տակ»,- ասաց դաշինքի ներկայացուցիչը:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, սակայն, թույլ չտվեց նրան շարունակել խոսքը՝ անջատելով խոսափողը, մինչդեռ Էնֆիաջյանը շարունակում էր ելույթ ունենալ. «Կարող եք դիմել ՀՀԿ-ի անփոխարինելի առաջնորդին»:
ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իրենք նույնպես ստացել են դիմում առեւտրականներից եւ դրանով լրջորեն զբաղվելու են:
Հիշեցնենք, որ տոնավաճառների, մասնավորապես «Առինջ մոլ»-ի առեւտրականները պահանջում են ազատել իրենց լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելուց, քանի որ դա
լրացուցիչ ծախսեր է պահանջում իրենցից: Նրանք հայտարարել են, որ պատրաստ են վճարել հարկերը: ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանն էլ հայտարարել էր, որ չի կարելի խրախուսել մարդկանց, որոնք չեն ուզում հարկեր վճարել: Նշենք, որ «Առինջ մոլը» պատկանում է «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանին:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ news.am