Հարուստների աներևակայելի նամակը Հայաստանում,,,,

«Վաշինգտոն Փոստը» գրում է մոտ 400 հարուստ ամերիկացիների՝ միլիոնատերերի և միլիարդատերերի նամակի մասին, որ նրանք հղել են ԱՄն Կոնգրես: Նամակում նրանք խնդրում են Կոնգրեսին չիջեցնել հարուստների հարկերը: Նամակը ստորագրել են այնպիսի հայտնի ազգանուններ, ինչպիսիք են Սորոսը, Ռոքֆելերը: Նամակի հեղինակները ոչ միայն անհրաժեշտ են համարում չիջեցնել հարկերը հարուստների համար՝ երկրում հաստատված անհավասարության պայմաններում դա համարելով սխալ, այլ նույնիսկ կոչ են անում բարձրացնել հարուստների վճարած հարկերը: Հարկերի նվազեցումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական խոստումներից էր:

Կա արդյո՞ք 400 հարուստ ամերիկացիների այդ նամակի տողատակում ներքաղաքական որևէ շարժառիթ՝ կապված Թրամփի ֆիգուրի, դրա շուրջ ստեղծված հայտնի իրավիճակի, ընդհանրապես նրա նախագահության այսպես ասած ոչ միարժեք պատմության հետ, թե՞ ոչ,

իհարկե դժվար է ասել: Սակայն անգամ այդպիսի շարժառիթի պայմաններում, փաստորեն, ականատես ենք լինում մի գործողության, որի մոտավոր կրկնությունը Հայաստանում անգամ պատկերացնելը, նույնիսկ քաղաքական կամ ներքաղաքական որևէ շարժառիթի առկայության պայմաններում, գրեթե անհնար է: Եթե որևէ մեկը տեղեկություն տարածի, որ Հայաստանի ոչ թե 400, այլ թեկուզ 40, կամ նույնիսկ 4 ամենահարուստները դիմել են խորհրդարանին կամ նախագահին՝ իրենցից գանձվող հարկերը ավելացնելու համար, ապա դա լավագույն դեպքում կընկալվի իբրև ապրիլմեկյան կատակ:

Հայաստանում իհարկե խոսք չի գնացել նաև հարուստների հարկերը իջեցնելու մասին, թե խորհրդարանի, թե նախագահի ընտրությանը չեն տրվել այդպիսի խոստումներ, բայց փոխարենը Հայաստանում, օրինակ, տարիներ շարունակ խոսք է գնում ասենք՝ շքեղության հարկի մասին, սակայն իշխանությունը փորձում է բերել հնարավոր ու անհնար ցանկացած փաստարկ հանրության հարցերից խուսափելու համար, այսպես ասած՝ հիմնավորելով, թե ինչու Հայաստանում հնարավոր չէ գանձել շքեղության հարկ: Իսկ հասարակությունը

իհարկե գիտե, թե ինչու: Հնարավոր չէ, որովհետև այդ նույն իշխանությունը ապրում է շքեղ դղյակներում և շրջում շքեղ ավտոմեքենաներով, հանգստանում շքեղ հանգստավայրերում, շքեղ հագնվում և այլն, և այլն: Փոխարենը, նույն այդ իշխանությունը պատրաստվում է հունվարի 1-ից բարձրացնել փոքր ու միջին ձեռնարկատերերի հարկային պարտավորությունները, որ սահմանված է Հարկային նոր օրենսգրքով, հիմնավորելով դա նրանով, որ միջազգային վարկատու կազմակերպությունները Հայաստանին այլևս վարկ չեն տա, եթե իշխանությունը ցույց չտա, թե ինչ ճանապարհով է ապահովելու դրա վերադարձելիությունը:

Իսկ վերադարձելիությունն ապահովվում է հարկային բեռը բարձրացնելով, բայց ոչ թե հարուստների համար, այլ՝ բոլորի: Եվ եթե նույնիսկ այդ դեպքում բեռը բարձրանում է հարուստների համար, միևնույն է, ակնհայտ է դառնում, որ այդ պարագայում փոքր ու միջին ձեռնարկատերերը հայտնվում են էլ ավելի խնդրահարույց և անմրցունակ վիճակում, որովհետև խոշորները ունեն հարկային բեռի բարձրացմանը դիմագրավելու առավել մեծ

ռեսուրսներ, ի տարբերություն փոքր ու միջին բիզնեսի: Դա նշանակում է, որ Հայաստանում էլ ավելի է խորանալու անհավասարությունը, բևեռացվածությունը, կամ այլ կերպ ասած՝ հարուստներն ավելի են հարստանալու, իսկ աղքատները, եթե անգամ ավելի չաղքատանան, ապա գոնե դառնալու են ավելի անմրցունակ, միանգամայն «լեգիտիմ» կերպով իրենց տեղը զիջելով մի քանի խոշորների, որոնց դեմ մրցակցելը կլինի օբյեկտիվորեն անհնար, և որոնք միայն կարող են այսպես ասած սահմանել, թե որ ոլորտները և ինչ սահմանում են թողնում փոքր ու միջին գործարարությամբ զբաղվողներին:

Այդ ամենով հանդերձ, Հայաստանում խորհրդարանին ամենահարուստների նամակը ուղղակի աներևակայելի է մեկ այլ շատ պարզ պատճառով՝ խորհրդարանը, ըստ էության, հենց այդ հարուստներն են, որոնք կազմում են այնտեղ «փաստաթղթերով ամեն ինչ կարգին» մեծամասնությունը:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.1in.am