Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Հարությունյանի նախագահությամբ շարունակվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատական նիստը:
Հիշեցնենք՝ կուրսանտներ Գնել Թևոսյանին, Նորիկ Սահակյանին, Վաչե Սահակյանին ու Մովսես Ազարյանին մեղադրանք է առաջադրված այն բանի համար, որ 2015 թվականի հունվարի 29-ի գիշերը՝ ժամը 2-ից 3-ի սահմաններում, գումարտակի թիվ 408 ննջարանում առանձին դաժանությամբ, խուլիգանական դրդումներով սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին: Սպանությունից հետո տուժողի մարմինը կախվել է մարզահրապարակի պտտաձողից՝ ինքնասպանության տպավորություն ստեղծելու համար…
Արգելանքի տակ չգտնվող հինգերորդ ամբաստանյալը՝ Վարազդատ Սաֆարյանը, ով սպանության դրվագով չի մեղադրվում, մեղադրվում է Վաչե Սահակյանի, Մովսես Ազարյանի հետ միասին ԶՈւ ներքին ծառայության կանոնագրքի կանոնները խախտելու, տարբեր դրվագներով կուրսանտներ Տիգրան Մանասերյանին ու Արտուշ Սիմոնյանին ծեծի ենթարկելու համար:
Կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվող չորս ամբաստանյալներից երկուսը՝ Վաչե Սահակյանն ու Մովսես Ազարյանը մեղադրվում են նաև տուժող Հարություն Ալեքսանյանի նկատմամբ բռնություն գործադրելու, նրան ծեծելու համար:
Ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում:
Դատարանը շարունակեց վկաների հարցաքննությունը:
Դատարան էին ներկայացել երկու վկա կուրսանտներ, բայց աշխատանքային օրվա ընթացքում դատարանը հասցրեց հարցաքննել մեկին՝ Արմեն Վ.-ին:
Վկան 2015 թվականի հունվարի 28-ին վերակարգի մեջ է եղել՝ շտաբում ծառայել է որպես սուրհանդակ: Նա մյուս կուրսանտների հետ ներկա չի եղել տոնական համերգին, ինչպես նաև՝ զորանոցում կատարված իրադարձություններին՝ դեպքի հետ քիչ թե շատ առնչություն ունեցող: Դրանց մասին հիմնականում լսել է ընդհանուր խոսակցություններից:
Արմեն Վ.-ն դատարանում ասաց, թե հունվարի 28-ին շտաբից զորանոց է վերադարձել ժամը 23-ի սահմաններում, երբ արդեն եղել էր «Դադար» հրամանը: Իրենց ննջարանում ամբաստանյալների քառյակից քնում էին Մովսես Ազարյանն ու Նորայր Սահակյանը: Երբ ինքը մտել է ննջարան ու պառկել է, իր կարծիքով՝ բոլորն արդեն պառկած էին: Առավոտյան ինքն արթնացել, լվացվել ու տեսել է, որ զորանոցում եռուզեռ է, «աժիոտաժ»՝ բոլորը
Հայկազին էին փնտրում՝ ասելով, թե նրա «մատրասը» արյան մեջ կորած է: Հետո Հայկազին գտել են պտտաձողից կախված, ինքը նրա մարմինը տեսել է հեռվից:
Ժամը 7-ին ինքն արդեն շտաբում էր՝ ծառայության, մյուսների հետ շարք չի կանգնել, ինչ խոսակցություններ են եղել շարքում՝ միայն լսել է ուրիշներից:
Ընդհանուր խոսակցություններից լսել է երկու վարկած՝ որ Հայկազը «փրթել է երակները, հետո գնացել ու կախվել է», մյուսը՝ որ Հայկազին սկզբում ծեծել են պահետանոցում հետո՝ ննջարանում, որտեղ նրա երակները կտրել ու խեղդել են, հետո տարել ու կախել են պտտաձողից:
Վկային առաջարկեցին բնութագրել սպանության համար մեղադրվող ամբաստանյալներին: Արմեն Վ.-ն ասաց, թե Գնելը նորմալ տղա է, շփվող, մի անգամ իրեն օգնել է ուսումնական գծով:
Նորիկի հետ նորմալ հարաբերություններ է ունեցել, պատահել է՝ նրա հետ ֆիզպատրաստության պարապմունքների է մասնակցել:
Մովսեսի ու Վաչեի հետ ծառայողական հարաբերություններ են եղել…
Վկան նշեց, որ իրեն հեռու է պահել տարբեր միջադեպերից, չի խառնվել, եթե ինչ-որ բան էլ տեղի է ունեցել:
Արմեն Վ.-ն հայտնեց, որ դեպքի օրը իր հեռախոսը տվել է Մովսեսին՝ վերջինիս խնդրանքով: Նա հեռախոսը իրեն չի վերադարձրել՝ երևի մոռացել է, ինքը հեռախոսը վերցրել է նրա մահճակալի վրայից: Երբ վերցրել է, տեսել է, որ իր քարտի զանգերը ջնջված են…
Վկան նշեց, որ Գնել Թևոսյանը ազատ արձակում էր դուրս գալիս հիմնականում շաբաթ-կիրակի օրերին…
Արմեն Վ.-ն տուժողին՝ Հայկազ Բարսեղյանին, բնութագրեց այսպես. «Առույգ տղա էր, ձեռքից ամեն բան գալիս էր, միշտ կատակասեր էր, ես նրան նեղված կամ ընկճված չեմ տեսել…»:
Վկան վերհիշեց, որ հունվարի 29-ի առավոտյան, երբ ննջարանում էին ու իմացան Հայկազի սպանության մասին, Մովսես Ազարյանը «զարմացավ՝ նա զարմացած դեմքով մեզ էր նայում՝ իրա դեմքն ա տպավորվել իմ մեջ»:
Նախագահողը վկային հարցրեց. «Մենակ Մովսե՞սն էր զարմացած… Մնացածի համար սովորակա՞ն էր… Դուք է՞լ էիք զարմացել»:
Վկան ասաց, թե այդ առավոտ խառը իրավիճակ էր, աժիոտաժ. «Ես չէի զարմացել, ես վախեցել էի…»:
Վկան վերհիշեց, որ այդ առավոտ, երբ ինքը զարթնեց, իր տպավորությամբ՝ Մովսեսը արդեն դուրս էր եկել ննջարանից ու ներս էր մտել: Ինքը Մովսեսի զարթնելը չի տեսել…
Դատաքննական ու նախաքննական ցուցմունքների միջև էական հակասություններ լինելու պատճառով հրապարակվեց վկայի նախաքննական ցուցմունքը, որտեղ նա բոլորովին այլ կերպ էր բնութագրել սպանության համար մեղադրվող քառյակին:
Ըստ վկայի՝ Վաչեն ու Մովսեսը մտերիմ էին: Վաչեն ավելի մարդկային էր: Մովսեսն իրեն «լավ տղայի տեղ էր դնում ու Վաչեի թևի տակ իրեն լպիրշ էր պահում…»:
Գնելը «շատ լկստված ու ցինիկ էր, իրեն բարձր էր պահում…»:
Նորիկը ուժեղ էր, լավ էր սովորում, մի ժամանակ զբաղվել էր բռնցքամարտով:
Այս քառյակում, ըստ վկայի, գերիշխողը Վաչեն էր…
Հայկազ Բարսեղյանի մասին վկան նախաքննական ցուցմունքում էլ նույնն էր հայտնել՝ Հայկազը լավ սովորող էր, կատակասեր, նա աշխատում էր հեռու մնալ վերը հիշատակված քառյակից՝ Վաչեից, Գնելից, Մովսեսից ու Նորայրից:
Ըստ վկայի՝ բոլոր կուրսանտներն էին ցանկանում հիշյալ քառյակից հեռու մնալ, քանի որ նրանք «հարց լուծողներն էին, ոչ ոք չէր ուզում նրանց հետ գործ ունենալ»:
Նախաքննական ցուցմունքում վկան հայտնել էր, որ 2015 թվականի հունվարի 28-ին, ժամը
23-ի սահմաններում ինքը շտաբի ծառայությունից վերադարձել է ննջարան ու պառկել է քնելու: Իրեն արթնացրել է Մովսես Ազարյանը՝ նա իրենից հեռախոս է ուզել: Ինքը տվել է հեռախոսն ու քնել է:
Առավոտյան Մովսեսից ուզել է հեռախոսը, նա ասել է, թե հեռախոսն իր մոտ չէ, մահճակալի վրա է: Ինքը Մովսեսի մահճակալի վրայից վերցրել է հեռախոսը, տեսել է, որ բաց թողնված զանգ կա: Հետ է զանգել, պատասխանել է ինչ-որ «Ժիրո», նա ասել է, թե Մովսեսին է զանգել: Ինքն անջատել է հեռախոսը:
Որոշ ժամանակ անց Մովսեսը նորից է ուզել իր հեռախոսը, ինչ-որ տեղ է զանգել ու վերադարձրել է հեռախոը:
Ինքը, իմանալով, որ Մովսեսը բռնվել է սպանության կասկածանքով, իր հեռախոսը հանձնել է սպաներին՝ ասելով, որ դեպքի գիշերը Մովսեսն իրենից ուզել ու վերցրել է հեռախոսը:
Վկան նախաքննական ցուցմունքում նշել էր, որ Մովսես Ազարյանը 500 դրամ է հավաքել կուրսանտներից՝ Վաչեի ծնունդը հունվարի 28-ին նշելու համար: Փողը բոլոր կուրսանտները տվել են, որ «ավելորդ լարվածություն չլինի, եթե չտայինք, Մովսեսը պիտի հետագայում անընդհատ լարվածություն ստեղծեր…»:
Նախաքննական ցուցմունքում վկան նշել էր, թե Գնելը հաճախ է բացակայել, շաբաթ-կիրակի տուն է գնացել, չնայած որ վատ էր սովորում: Նա նույնիսկ աշխատանքային օրերին էր տուն գնում հայրիկի հետ: Գնելը, ըստ վկայի, տուն էր գնում հոր նախաձեռնությամբ ու սպաների թույլտվությամբ:
Իր նախաքննական ցուցմունքը լսելով՝ վկան ասաց, որ այն ժամանակ իր հիշողությունն ավելի թարմ էր, ինչ իմացել՝ գրել է, իրեն չեն ուղղորդել, պնդում է նախաքննական ցուցմունքը:
Այդ ցուցմունքից հետո վկային մասնավոր հարցման էր ենթարկել Մովսես Ազարյանի շահերի պաշտպան, փաստաբան Անահիտ Հովհաննիսյանը, ում հարցմանն ի պատախան՝ Արմեն Վ.-ն գրել էր, թե դեպքի գիշերը Մովսեսը իրենց հետ «սովորականի պես» քնել է ննջարանում, առավոտյան իրենց հետ արթնացել է, Հայկազի մասին իմանալուց հետո ինքը տեսել է Մովսեսի «զարմացած հայացքը»:
Արմեն Վ.-ն ասաց, թե պնդում է նախաքննական ցուցմունքը, ոչ թե այն, ինչ գրել է մասնավոր հարցման ժամանակ:
Գնել Թևոսյանի և Վաչե Սահակյանի շահերի պաշտպան Արա Զաքարյանը պնդեց, որ վկան նորից բնութագրի ամբաստանյալներին, վկան չկարողացավ ասել այն, ինչ գրել էր նախաքննական ցուցմունքում: Միայն ասաց, թե Մովսեսը Վաչեի հետ մտերիմ էր, նա
«անհամություններ» էր անում, իսկ Վաչեն «շրջապատում դիրք ուներ, կարողանում էր ճնշում գործադրել»:
Պաշտպանների հարցերին ի պատախան՝ վկան ի վերջո ասաց, թե Վաչեն ճնշում էր գործադրում «ի պաշտոնե՝ որպե սերժանտ»:
Նախաքննական ցուցմունքում վկան նշել էր Հայկազին մինչև ննջարանում ծեծելն ու սպանելը՝ նախ պահեստանոցում ամբաստանյալների կողմից ծեծելու մասին: Դատարանում վկան ասաց, թե այդ մասին լսել է ընդհանուր խոակցություններից, չի հիշում՝ կոնկրետ ով է ասել: Ինքը Հայկազ Բարսեղյանի ննջարանում քնողներին ոչինչ չի հարցրել, դեպքից հետո նրանց հետ բոլորովին չի շփվել՝ մարդկային առումով չի ցանկացել նրանց հետ շփվել, բացի դրանից՝ իրեն հետաքրքիր չէր…
Դատական հաջորդ նիստին կշարունակվի վկաների հարցաքննությունը:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ www.1in.am