ՊոլիտբյուՐ(ի)ո դե Ժանեյրո. մեկ միլիարդի ներիշխանական փաթեթը...

Երևանում այսօր բացվել է ՌԻՈ առևտրի կենտրոնը, որը ռուսաստանցի միլիարդատեր Սամվել Կարապետյանի հերթական խոշոր առևտրի կենտրոնն է Հայաստանում: ՌԻՈ-ի բացմանը ներկա է եղել Հայաստանի իշխանության կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ թերևս ՀՀԿ պոլիտբյուրոյի գրեթե ամբողջ բոմոնդը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Գրեթե ամբողջ, քանի որ առևտրի կենտրոնի բացման արարողությանը չի մասնակցել վարչապետ Կարեն Կարապետյանը: Կարեն Կարապետյանը չի ժամանել նաև «Ռեդիսոն Բլյու» հյուրանոց, որտեղ Հայաստանի ներդրողների ակումբը հայտարարում է էներգետիկայի ոլորտում մեկ միլիարդ դոլարի ներդրումների մասին, ինչը մի քանի օր առաջ ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ազդարարում էր Սերժ Սարգսյանը:

Կարեն Կարապետյանի բացակայությունը թե՛ ՌԻՈ-ի բացմանը, թե՛ մեկ միլիարդի մասին հայտարարությանը բավականին հատկանշական տարր է: Բանն այն է, որ Սամվել Կարապետյանը գործնականում դիտարկվում է վարչապետ Կարեն Կարապետյանի «սոցիալ-քաղաքական» հենարան, ինչի շրջանակում էլ ստեղծվեց Հայաստանի ներդրողների ակումբը՝ Սամվել Կարապետյանի ակնհայտ առաջնորդությամբ: Ավելին, ակումբը ստեղծվեց Սամվել Կարապետյանի և Կարեն Կարապետյանի մրջև հուշագրի ստորագրմամբ: Ընդ որում, խիստ ուշագրավ էր հանգամանքը, որ դրա մասին հայտարարվեց այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանն Արցախում էր, կամ Սարգսյանը որոշեց Արցախ մեկնել այն ժամանակ, երբ հայտարարվելու էր Կարապետյանների ակումբի մասին:

Ի վերջո, երբ Երևանում հայտարարվում էր այդ ակումբի մասին, Արցախում Սերժ Սարգսյանն ունեցավ իր հայտնի ելույթը, որը թերևս ծրագրային կամ ուղենշային նախաբանն էր արդեն մայիսի 18-ին նոր խորհրդարանի առաջ ունեցած ելույթի: Երբ Կարապետյանները Հայաստանում հայտարարում էին ներդրումային ակումբի ստեղծման մասին, որն ակնհայտորեն լինելու էր վարչապետ Կարապետյանի հենարանը, Սերժ

Սարգսյանն Արցախում խոսում էր «Իսկանդերի» կոճակը անվարան սեղմելու ունակ առաջնորդի մասին: Հետո ներդրողների ակումբի շուրջ, այսպես ասած, տիրեց հարաբերական լռություն: Ավելին, հաջորդ ամիսները անցնում էին պարբերական հարցադրումներով, թե ի վերջո՝ երբ է հանրությունն ու պետությունը տեսնելու ներդրողների ակումբի, այսպես ասած, ներդրումների ալիքը:

Մյուս կողմից, սակայն, ակնհայտ է, որ այդ ալիքը պայմանավորված է այն հանգամանքով, թե որքանով կորոշակիանա Կարապետյանների իշխանական հեռանկարը: Այսինքն՝ այդ ներդրումները լինելու էին իշխանության, ոչ թե «բարի համբավի» դիմաց: Իսկ իշխանության հարցը Սերժ Սարգսյանը պահում էր անորոշ:

Ասել, թե հարցը այժմ որոշակիացած է՝ իհարկե, կլինի սխալ, սակայն որոշակիանում է ներդրողների ակումբի «առաջին տրանշը»՝ մեկ միլիարդ դոլարի ներդրումներ էներգետիկայում: Ընդ որում, դա ազդարարում է Սերժ Սարգսյանը, իսկ միջոցառումներից բացակայում է Կարեն Կարապետյանը: Արդյո՞ք դա նշանակում է, որ իշխանության հարցը որոշակիանում է, և եթե ներդրողների ակումբի կարապետյանական նախաձեռնությանը

Սերժ Սարգսյանը պատասխանել էր արցախյան դեմարշով, ապա այժմ ձեռք է բերվում առնվազն մեկ միլիարդի համաձայնություն: Այդ դեպքում իշխանական ինչպիսի՞ կոնֆիգուրացիայի պայմաններով է ձեռք բերվում այդ համաձայնությունը, ու ի՞նչ ժամկետի համար է մեկ միլիարդանոց համաձայնությունը՝ ամիսների՞, թե՞ տարիների համար:

Ընդ որում, անկասկած է, որ հարցն այստեղ լոկ վարչապետի պաշտոնը չէ, այլ ընդհանրապես նոր կառավարման մոդելի և կառուցվածքի պայմաններում ներիշխանական

ուժերի հարաբերակցությունը «պոլիտբյուրոյում»՝ ներառյալ նաև խաղի նոր կանոնները:

Այդ պարագայում վարչապետի բացակայությունը դադարում է ոչ միայն անսպասելի կամ զարմանալի լինել, այլև թվում է նույնիսկ տրամաբանական, քանի որ առաջիկա «մեկ միլիարդի» պայմանավորվածությունների կամ համաձայնությունների փաթեթում վարչապետի պաշտոնը կարծես թե ունի տեխնիկական, ոչ թե քաղաքական նշանակություն:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.1in.am