Ինչպես արդեն հայտնել ենք, կորոնավիրուսով վարակման նոր դեպքերից մեկը գրանցվել է Էջմիածնում։ Վերջինս մի քանի օր առաջ մասնակցել է նշանադրության, ինչի պատճառով բազմաթիվ մարդիկ են մեկուսացվել։
ArmDaily.am-ը ահազանգ էր ստացել, որ Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայից շտապօգնության մեքենաներով 6 մարդ մեկուսացվել է։ Մեր տեղեկություններով՝ նրանք շփվել են կորոնավիրուսով վարակված իտալացու հետ, ով վերջերս էր եկել Իտալիայից։
Կարի ֆաբրիկայից մեզ տեղեկություն հաղորդել չկարողացան՝ նշելով, որ ոչնչից տեղյակ չեն։
ArmDaily.am-ը լուրը ճշտելու համար զանգահարեց նաև ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանին, ով ասաց, որ պաշտոնական հաղորդագրություն կլինի։
Նշենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ կորոնավիրուսով վարակված մարդկանցից մեկը Իտալիայի քաղաքացի է, ով աշխատում է Հայաստանում։ Նշենք, որ «Գլորիան» համագործակցում է իտալական Sartis ընկերության հետ, իր արտադրանքի 80 տոկոսը արտահանում է Իտալիա, աշխատում իտալացիների հետ։ Այս պահին ֆաբրիկան շարունակում է աշխատել։