Ովքեր են կորոնավիրուսով վարակված երկու նոր անձինք

ՀՀ-ում կորոնավիրուսով վարակման 2 նոր դեպք է հաստատվել: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Բայց սրանք նոր դեպքեր չեն, այլ երեկ արձանագրված դեպքերի հետ կապ ունեցող անձինք են: Էջմիածինցի կնոջ ամուսինն ու մորաքրոջ տղան են:

Նրանք երեքն էլ նույն քաղաքի՝ Էջմիածնի բնակիչներ են, և ըստ էության ամենասերտ շփում ունեցող մարդիկ են»,- ասել է վարչապետը:

«Իմ խնդրանքը հետևյալն է. պահպանենք հանդարտությունը և այս իրավիճակին չվերաբերվենք չափազանցված: Սա այն դեպքն է, երբ մեզնից յուրաքանչյուրի անհատական պատասխանատվությունը շատ բարձր է: Եվ անհասկանալի է, երբ մեր հայրենակիցները միջոցներ են ձեռնարկում՝ իրենց ջերմություն ունենալը թաքցնելու ուղղությամբ և այդպիսով շփվում են իրենց հարազատների հետ՝ վտանգի տակ դնելով նաև նրանց առողջությունը: Կորոնավիրուսի կանխարգելման ամենամեծ գործոնը մեզնից յուրաքանչյուրի անհատական պատասխանատվությունն է»:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է նաև, որ ընդհատում է արձակուրդը, վաղը խորհրդակցություն կանցկացնի կորոնավիրուսի թեմայով. «Վաղը մեր քարոզչական միջոցառումները տեղի չեն ունենա։ Խորհրդակցությունների արդյունքում եթե անհրաժեշտություն լինի, ապա այլ միջոցառումների մասին կհայտարարենք»,- ասաց վարչապետը և ևս մեկ անգամ շեշտեց հետևել հիգիենայի կանոններին. «Մենք պետք է արձանագրենք, որ կորոնավիրուսը մեր հետ պայքարում շանս չունի: Մենք իհարկե կհաղթենք կորոնավիրուսին»:

Հիշեցնենք, որ նախօրեին 3 քաղաքացի ախտորոշվել է կորոնավիրուսով, նրանց հետ սերտ շփում ունեցած 57 անձ մեկուսացվել է։ Այսպիսով՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 6-ի:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ socialmedia.am