Factor.am-ի տեղեկություններով՝ Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով հիվանդացության ևս մեկ դեպք։ Վարակակիրը շփում է ունեցել Իտալիայից վերադարձած Էջմիածնի քաղաքացու հետ։ Նա մասնակցել է նշանադրության արարողության, որին նաև վարակակիրն է ներկա եղել։ Ուշագրավ է, որ սա Հայաստանում կորոնավիրուսի տարածման առաջին լոկալ դեպքն է։ Նշենք՝ այսօր հայտնի դարձավ, որ հայտնաբերված երեք վարակակրից մեկն Էջմիածնի քաղաքացի է։
Լուրը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով հաստատեց Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը։ Առավոտյան էլ շտապօգնության մեծաթիվ մեքենաներով մեկուսացվել են այն քաղաքացիները, որոնք վարակակրի հետ շփում են ունեցել։
Երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսի երեք նոր դեպք կա։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեղեկացմամբ՝ վարակակիրներից երկուսը ՀՀ քաղաքացի են, երրորդը՝ Իտալիայի, որն աշխատում է Հայաստանում։ Առողջապահության նախարարությունից մեզ փոխանցված տվյալների համաձայն՝ Հայաստանում ընդհանուր թվով մեկուսացված է 57 քաղաքացի։ Նրանք գտնվում են Ծաղկաձորում։