Գաղտնիք 1 միլիարդ դոլար արժողությամբ...

Սերժ Սարգսյանն օրեր առաջ ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում խորհրդավորություն է ստեղծել նոյեմբերի 13-ի շուրջ` ասելով, թե այդ օրն Երևանում տեղի է ունենալու Ներդրողների ակումբի մեկ միլիարդանոց ներդրումային ծրագրի շնորհանդեսը: Ավելի ուշ այս տեղեկատվությունը հաստատել է Կարեն Կարապետյանը: Հայաստանի տնտեսությունն այնքան ոչ գրավիչ ու կոռումպացված է, որ քչերն են հավաստում, թե գործ ունենք զուտ տնտեսական իրադարձության հետ ու վաղվա միջոցառումը կապում են 2018-ի համատեքստի հետ, մանավանդ, որ Ներդրողների ակումբն ասոցացվում է ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի անվան հետ, ով համարվում է Կարեն Կարապետյանի տնտեսա-քաղաքական հովանավորը: Նույնիսկ շատերը պնդում են, որ վաղն, ըստ էության, տեղի է ունենալու Հայաստանի նոր իշխանության շնորհանդեսը` ստվերային

պայմանավորվածությունների ամրապնդման մակարդակում: Ընդ որում, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ ներդրումային նոր փաթեթի մասին խոսել են 2018-ի երկու պոտենցիալ շահառուներն, ապա այդ «համերաշխությունից» կարելի է ենթադրել, որ գործ ունենք Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան պայմանավորվածությունների հետ, որոնք, ըստ էության, ամրապնդվում են Սամվել Կարապետյանի փողերով:

Վերջինս արդեն մեկ անգամ միջնորդական «առաքելություն» ստանձնել է Հայաստանի քաղաքական կյանքում, երբ 2015-ի փետրվարին ապահովեց Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի հաշտեցումը, իսկ ավելի ստույգ` Գագիկ Ծառուկյանի անցնցում հեռացումը քաղաքականությունից: Ճակատագրի հեգնանքով այս անգամ ևս Սամվել Կարապետյանի միջամտությունը Հայաստանի քաղաքական կյանքին կարող է ավարտվել Գագիկ Ծառուկյանի դերակատարության նվազմամբ, որովհետև Սերժ Սարգսյանի և Կարապետյանների, այսպես կոչված, «մեծ համաձայնությունն», ըստ էության, խաղից դուրս է թողնում քաղաքական համակարգի մյուս սեգմենտներին, որոնք պահանջարկված են ներհամակարգային հակադրության ռեժիմում:

Ամբողջ խնդիրն այն է, որ եթե մեկ միլիարդ ներդրումների հեռանկարը դիտարկում ենք 2018-ի իշխանության համատեքստում, այն զրկվում է զարգացման ռեսուրսից, որովհետև 2018-ն, ըստ էության, քրեաօլիգարխիկ կոնսենսուս է ու նույնիսկ անկախ այն հանգամանքից, թե ով կլինի իշխանության առաջին դեմքը կամ մյուս դերակատարները:

Առհասարակ` նույնիսկ խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ նախընտրական ռեժիմում ներդրումային խոսակցությունները ավելի շատ PR-ի, իշխանության աուդիտի ու աճուրդի տպավորություն են թողնում, քան միտված են տնտեսության զարգացմանը կամ բիզնես նոր մշակույթի արմատավորմանը:

Ճիշտ է` դասական իմաստով, ընտրություններն ավարտվել են` սահմանափակելով նաև պոպուլիզմի դրսևորման դաշտը, սակայն` մյուս կողմից, քանի դեռ չի ձևավորվել նոր իշխանությունը, նախընտրական ռեժիմի տրամաբանությունը գործում է: Եթե Ներդրողների

ակումբի մեկ միլիարդի խոստումը նմանվելու է այս տարվա համար Կարեն Կարապետյանի խոստացած 850 միլիոն դոլարի ներդրումներին, ապա ոչ միայն չի նպաստելու Հայաստանի տնտեսության զարգացմանը, այլ խթանելու է պետական քաղաքականության և վիճակագրության մանիպուլյատիվ բաղադիչի ամրապնդմանը:

Մյուս կողմից` Սամվել Կարապետյանը հաջողել և որպես խոշոր գործարար կայացել է ռուսական միջավայրում, որը քրեաօլիգարխիկ մենթալիտետի «հայրենիքն» է և պետք չէ ակնկալել, որ Կարապետյանի փողերի հետ Հայաստան են գալու տնտեսական նոր

մտածողություն և հարաբերություններ: Այսօրվա Ռուսաստանը սկզբունքորեն չունի կրեատիվ որևէ բան արտահանելու ռեսուրս: Պետք չէ մեծ խորհրդավորություն ստեղծել վաղվա «մեկ միլիարդի» շուրջ: Դա Սերժ Սարգսյանի և Կարապետյանների պայմանավորվածությունների կամ 2018-ի գինն է: Վատն այն է, որ Հայաստանը չի կարողանում հաղթահարել դեժավյուի ցիկլը` դոփելով տեղում:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.1in.am