Ժամեր առաջ հողաշերտի փլուզում Երևանում. 2 մահ

Shamshyan.com-ի տեղեկություններով  մարտի 8-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 20:55-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 օպերատիվ-կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Չարբախի 11 և 1-ին փողոցների խաչմերուկում փլուզում է տեղի ունեցել և հողային աշխատանքներ կատարելիս 2 քաղաքացի մնացել են հողի շերտի տակ:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են մեծ թվով հրշեջ-փրկարարներ՝ 3 մարտական հաշվարկով, փրկարար-հոգեբաններ, Երևանի 1-03 շտապօգնության մի քանի հերթապահ խմբեր, ինչպես նաև հատուկ փրկարարական աշխատանքեր իրականացնող խումբը:

Դեպքի վայր են ժամանել նաև ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության Առնոլդ Հարությունյանն ու պետի տեղակալ Զավեն Մելքոնյանը:

Փրկարարները մոտ 2 ժամ աշխատեցին, որպեսզի հողաշերտի տակից դուրս բերեն հողի տակ մնացածների մարմինները և բժիշկները արձանագրեցին նրանց մահերը:

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ոստիկանության Շենգավիթի բաժնի համայնքային ոստիկանության և քրեական հետախուզության բաժանմունքների ծառայողները: Ոստիկանների աշխատանքը ղեկավարում է ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ Արթուր Շմավոնյանը:

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նաև Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի ծառայողները:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածները Ներքին Չարբախի բնակիչներ, 38-ամյա Գագիկ Ղ.-ն էր և 52-ամյա Գարիկ Մ.-ն:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկները տեղում մի քանի քաղաքացիների առաջին բուժօգնությունը ցուցաբերեցին, քանի որ վերջիններիս ինքնազգացողությունը վատացել էր, իսկ մի քանի քաղաքացիների էլ հոգեբանական օգնություն էին ցուցաբերում փրկարար-հոգեբանները՝ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածները բարեխիղճ, մեծ հարգանք վայելող, ընտանիքին նվիրված անձնավորություններ էին, որոնք կյանքում ամեն ինչի հասել են սեփական քրտինքի շնորհիվ և խորը ափսոսանք էին հայտնում, որ ողբերգությունը այսպիսի հրաշալի մարդկանց կյանքն է խլել:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.