Ողբերգական ավտովթար. ՈւԱԶ-ը մի քանի պտույտ գլորվելով, գլխիվայր հայտնվել է անտառում. կա զոհ

Այսօր՝ մարտի 8-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:

Ժամը 18:30-ի սահմաններում ՈւԱԶ-31512 մակնիշի 06 LՏ 282 համարանիշի ավտոմեքենայի վարորդը՝ Ալավերդի-Սանահին ավտոճանապարհի «Արտաժան» հանդամասում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի մետր գլխիվայր շրջվելով, հայտնվել անտառում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի մամնական վնասվածքներով տեղափոխվել են Ալավերդու բժշկական կենտրոն:

Վիրավորներին անտառից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Ալավերդու թիվ 39 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու քաղաքացիները:

Օպերատիվ են գործել նաև Ալավերդու հիվանդանոցի բժիշկները:

Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի գլխավորությամբ:

Վթարի մասինհ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքասանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Թումանյանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատուի գլխավորությամբ:

Տեղում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնի քննիչները:

Փաստի առթիվ քննչական բաժնում ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը:

Գ. Շամշյանի տեղեկություններով, մահացածը Վասիլի Մամաջանյանն է, իսկ վիրավորներն են՝ Արամ Սահակյանը, ով՝ ֆոտոլրագրողի տեղեկություններով, ոստիկանության նախկին սպա է, Արմեն Ղազարյանն ու Գալյա Ղազարյանը:

Իսկ ավտոմեքենան հաշվառված է Ալավերդի քաղաքի «Սանահին» կայարանի բնակիչ, 47-ամյա Արման Ղազարյանի անվամբ:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.