Գյումրիի «Արագած» մարզամշակութային կենտրոնի տանիքից մարտի 1-ին 15–ամյա տղան աստիճաններով ցած է գլորվել, հաղորդում է «Sputnik Արմենիան»:
Նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել են Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց: Ընդունման պահին տղայի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր:
Հիվանդանոցի տնօրեն Ժորժիկ Սերոբյանըհայտնել է, որ դեպքը եղել է մարտի 1–ին։ Տղային ընդունելուց հետո կատարվել է լաբորատոր գործիքային հետազոտություն, ախտորոշվել է գլխի ու որովայնի վնասվածք, կոտրվածքներ: Կատարվել է անհետաձգելի վիրահատության:
«Ավելի ուշ Երևանից ժամանած մասնագետների հետ Գյումրիում հրավիրված խորհրդակցության ժամանակ տղային Երևան տեղափոխելու որոշում է կայացվել։ Տղան արդեն տեղափոխվել է Երևան»,-նշել է Ժորժիկ Սերոբյանը:
Աղբյուրի տեղեկություններով` դեպքը տեղի է ունեցել Գյումրիի «Արագած» մարզամշակութային կենտրոնի տարածքում գտնվող «Օլիմպիկ» ռեստորանում ծննդյան խնջույքի ժամանակ: 15–ամյա Ալբերտը ռեստորանից գնացել է մարզամշակութային կենտրոնի ակումբ, ներսի աստիճաններով բարձրացել տանիք, որտեղից աստիճաններով գլորվել է ներքև: Ըստ նախնական տեղեկությունների` դեպքի պահին տղան մենակ է եղել:
Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը տեղեկացրել է, որ դեպքի առնչությամբ Շիրակի մարզի դատախազությունում նյութեր են նախապատրաստվում: