Սկանդալային դեպք... Թույն եմ բերել, որ դու խմես, հետո՝ ես. ամուսինը բաժանված կնոջը թունավորել ու ... Մանրամասները

 

Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում Գագիկ Սարգսյանի նախագահությամբ ավարտվել է Զավեն Մ.-ի գործի դատական քննությունը:

53-ամյա Զավենը նախկինում 6 անգամ դատված է եղել, վերջին՝ վեցերորդ անգամ 2009 թվականին դատապարտվել է 5 տարի 6 ամիս ազատազրկման՝ կնոջ՝ Սուսանի (անունը փոխված է) առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:

2015 թվականի մարտի 9-ին, պատիժը կրելուց հետո Զավենը վերադարձել է գյուղ և շարունակել է համատեղ ապրել կնոջ՝ Սուսանի հետ:

Զավենը ցանկացել է բանկից վարկ վերցնել ու Սուսանին առաջարկել է, որ նրա մայրը բանկում գրավ դնի իր տունը: Սուսանը չի համաձայնել, ամուսինները վիճել են:

2015 թվականի օգոստոսի 29-ին Սուսանը հեռացել է Զավենից, վերադարձել է մոր տուն:

Սեպտեմբերի 25-ին Զավենը, ըստ դատական ակտի, ալկոհոլ օգտագործած վիճակում իր «Նիվայով» գնացել է կնոջը վերադարձնելու: Կնոջ մոր տան մոտ նա իջել է մեքենայից՝ իր հետ վերցնելով խոհանոցային դանակ, մոտեցել է դարպասին, ցանկացել է ներս մտնել, բայց դարպասը ներսից փակ է եղել:

Զավենը փորձել է դանակով բացել փականը, չի կարողացել, սկսել է գոռալ ու սպառնալ Սուսանին. «Քեզ սպանելու եմ, մորթելու եմ»:

Ըստ դատական ակտի՝ Սուսանը պատուհանից տեսել է, որ Զավենը դանակը ձեռքին մեքենայից իջել է, լսել է նրա սպառնալիքները, կնոջ մոտ առաջացել են «տագնապ ու վախ»: Նա տան հետնամասից դուրս է եկել ու տնամերձ հողամասով փախել է դաշտ, որտեղ հանդիպել է մորը, պատմել է կատարվածի մասին:

Երբ Սուսանը մոր հետ վերադարձել է տուն, Զավենն արդեն հեռացել էր:

Նույն օրը Զավենի սպառնալիքները որպես իրական ընկալած Սուսանը ոստիկանությունում հաղորդում է տվել: Հարուցվել է քրեական գործ՝ սպանության սպառնալիք տալու հատկանիշներով:

Այնուհետև, ըստ դատական ակտի, 2015 թվականի հոկտեմբերի 6-ին, ժամը 19-ի սահմաններում Զավենը ալկոհոլի ազդեցության տակ նորից գնացել է Սուսանի մոր տան մոտ: Նա տնամերձ հողամասի վերջնամասի ցանցապատ ցանկապատից մուտք է գործել բակ, մոտեցել է տան դռանը, ոտքով հարվածել ու ջարդել է դռան փականը: Զավենը Սուսանի կամքին հակառակ մուտք է գործել տուն՝ նրան առևանգելու, իր հետ տանելու նպատակով՝ ըստ դատական ակտի:

Այդ ժամանակ Սուսանը մոր հետ հեռախոսով խոսելիս է եղել: Մայրը լսել է դստեր վախեցած գոռոցը. «Թող, խուժան, թող»:

Զավենը բռնել է Սուսանի մազերից ու քաշելով տանից դուրս է բերել, պահանջել է, որ նա վերադառնա իր տուն: Սուսանը մերժել է:

Որպեսզի մարդիկ չտեսնեն՝ Զավենը որոշել է Սուսանին դաշտերով տանել իր տուն: Նրան քարշ տալով՝ «գետնաքարշ» տարել է տնամերձ հողամասի վերջնամաս: Ըստ դատական ակտի՝ Զավենն այդ ընթացքում կնոջը պատճառել է «ֆիզիկական ու հոգեկան

տառապանքներ՝ ուժեղ ցավ, ձախ կրծքի, ձախ ազդրի, աջ ծնկահոդի մակերեսի արյունազեղումների ձևով վնասվածքներ՝ թեթև վնասի հատկանիշներ չպարունակող»:

Ամբողջ ընթացքում Սուսանը գոռացել ու դիմադրություն է ցույց տվել: Հողամասի վերջնամասում Զավենը, ըստ դատական ակտի, «գիտակցելով, որ այդ ձևով կնոջը չի կարող անցկացնել ցանցապատ ցանկապատի վրայով, նրա դիմադրությունը ճնշելու, առկա խոչընդոտները վերացնելու համար» որոշել է կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնության սպառնալիքով հասնել իր նպատակին: Նա գրպանից հանել է նախապես իր հետ վերցրած թունաքիմիկատով շիշը, բացել է խցանը, Սուսանի մազերից բռնելով՝ շիշը մոտեցրել է նրա դեմքին ու սպառնացել է, թե զոռով թույնը կխմեցնի ու կսպանի:

Զավենի արարքից վախեցած Սուսանը հարվածել է նրա ձեռքին եղած շշին, պարունակության մի մասը թափվել է Սուսանի ձեռքին ու շորերին:

Դրանից հետո Սուսանը, վախեցած լինելով, հաձայնություն է տվել՝ Զավենի հետ գնալու: Զավենը մի կողմ է նետել շիշը, գրկել է Սուսանի ուսերը, նրա հետ գլորվելով անցել է ցանկապատից այն կողմ, որի ժամանակ պատռվել է կնոջ սպորտային տաբատը, հագուստի մի կտորը մնացել է ցանկապատի ցանցի վրա:

Երբ ցանկապատն անցել են, Սուսանը չի ցանկացել գնալ Զավենի հետ: Վերջինս նորից բռնել է կնոջ մազերից, որ քաշելով տանի:

Այդ ժամանակ հարևանի հողամասի կողմից վրա է հասել Սուսանի մայրը: Հարևանուհին հողամասում էր գտնվում՝ բահը ձեռքին: Հարևանուհին ասել է. «Զավեն, Սուսանին բաց թող, չվնասես»:

Սուսանի մայրը հարևանուհու ձեռքից վերցրել է բահն ու վազել է դեպի Զավենը՝ պահանջելով բաց թողնել դստերը: Նա ասել է նաև, որ ոստիկանություն է զանգել:

Զավենը բաց է թողել Սուսանին՝ նրա առևանգումն իր կամքից անկախ ավարտին չի հասցրել՝ ըստ դատական ակտի, և դիմել է փախուստի:

Զավեն Մ.-ն ՀՀ քրեական օրենսգրքի 34-131 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 137 հոդվածի 1-ին մասով՝ առևանգման փորձ ու սպանության սպառնալիք, իրեն մեղավոր չի ճանաչել,

մեղավոր է ճանաչել միայն Սուսանի կամքին հակառակ նրանց բակ ու տուն մուտք գործելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 147 հոդվածի 1-ին մասով:

Զավենը հայտնել է, թե ինքն ու Սուսանը շուրջ 15 տարի ամուսիններ են: 2015 թվականի մարտին ինքը պատիժը կրելուց հետո ազատվել, տուն է վերադարձել, Սուսանի հետ շարունակել են համատեղ ապրել «համերաշխ ու սիրով»:

Օգոստոսի վերջերին գումար էր պետք՝ երեխա ունենալու համար Սուսանի բուժման նպատակով: Գումար ձեռք բերելու շուրջ ինքն ու Սուսանը վիճել են: Կինը դեմ էր բանկից վարկ վերցնելուն: Ինքը այդ հարցով խոսել է նաև Սուսանի մոր հետ, նա ասել է՝ հորիցդ գումար ուզի: Հաջորդ օրն ինքը մեքենայով Սուսանին տարել է նույն գյուղում ապրող նրա մոր տուն:

Մեկ ամիս անց՝ սեպտեմբերի 25-ին, գնացել է Սուսանի հետ խոսի, որ նա տուն վերադառնա, միասին աշխատեն, բերքը տանեն վաճառեն: Ժամը 17-ի սահմաններում մեքենայով հասել է Սերինեի մոր տուն, բայց դարպասը փակ էր: Ձայն է տվել, ոչ ոք չի արձագանքել, ինքը թողել-գնացել է:

Նույն գիշեր իր հեռախոսին զանգել է Սուսանի մայրը, առաջարկել է իրենց տուն գնալ՝ խոսելու: Ինքը գնացել է նրանց տուն, բայց ոստիկաններն այնտեղից իրեն բերման են ենթարկել: Ոստիկաններից իմացել է՝ իբր ինքը ցերեկը դանակը ձեռքին գնացել ու Սուսանին սպանելու սպառնալիքներ է տվել:

Զավենը պնդել է, թե նման բան չի եղել, ինքն այդ օրը խմած չի եղել, ձեռքին դանակ չի եղել, կնոջը սպանելու սպառնալիքներ չի տվել: Եթե ինքը Սուսանին սպանելու նպատակ ունենար, օրը ցերեկով բացահայտ դանակը ձեռքին չէր գնա նրանց տուն, իր նպատակին այլ ձևով կհասներ: Ու եթե ցերեկը սպանության սպառնալիքներ տված լիներ, գիշերը Սուսանի մոր կանչով չէր գնա նրանց տուն: Սուսանի մայրն իրեն խաբեությամբ է կանչել, միաժամանակ զանգել է ոստիկանություն ու սուտ հաղորդում է տվել:

Մի քանի օր հետո՝ հոկտեմբերի 6-ին, կնոջ հետ հաշտվելու նպատակով ինքը նորից գնացել է Սուսանի մոր տուն, բայց բակ է մտել ոչ թե դարպասից, այլ հողամասի ցանցապատ ցանկապատից: Այնտեղից բակ է մտել, մոտեցել է տան դռանը, ոտքով «թեթևակի հարվածել ու բացել է դուռը»:

Իրեն ընդառաջ է եկել Սուսանը: Ինքը ներս չի մտել, դռան առաջ հաշտության, բողոքը հետ վերցնելու հարցի շուրջ խոսել են: Սուսանը իրեն դիմում էր՝ «կյանքս» ասելով: Բայց նա չի ցանկացել իր հետ հաշտվել, քանի որ մայրը դեմ էր իրենց «միությանը»:

Խոսելու ժամանակ ինքը ձայնը բարձրացրել է՝ իր նկատմամբ նրանց տված սուտ ցուցմունքների պատճառով, հետո Սուսանին առաջարկել է իր տուն գնալ: Նա համաձայնել է, իր կամքով, իր ոտքերով քայլելով առաջացել է իր հետ դեպի հողամասի վերջնամաս: Այնտեղից նա հրաժարվել է իր հետ տուն վերադառնալուց:

Ինքը միայն ցանկանալով Սուսանին վախեցնել՝ բացել է մոտը եղած թունաքիմիկատի շշի բերանը, ցույց է տվել, թե ուզում է խմել: Սուսանը հարվածել է իր ձեռքին, թույլ չի տվել՝ ասելով. «Ամոթ է, գցիր ձեռքիցդ»:

Ինքը շիշը մի կողմ է գցել ու հեռացել է: Ինքն այդ թունաքիմիկատը «վատ դիտավորությամբ՝ Սուսանին խմեցնելու, նրան սպանելու համար» չէր տարել իր հետ: Այն իրեն հայրն էր տվել, ինքը դրան մի թունաքիմիկատ էլ պիտի ավելացներ ու իրենց մշակած ծաղկակաղամբին ներարկեր…

Ըստ Զավենի՝ Սուսանը սկզբում խոստացել է վերադառնալ տուն, բայց հետո չի ցանկացել, ասել է, թե ամաչում է իր արարքի համար՝ որ սուտ ցուցմունք է տվել իր դեմ:

Ինքը Սուսանի մորն ու հարևանուհուն չի տեսել այդ օրը: Իր նպատակը Սուսանի հետ հաշտվելը, նրան տուն վերադարձնելն էր: Ինքը նրանց դռան փականը չի կոտրել, Սուսանի մազերից բռնած՝ քարշ տալով ոչ մի տեղ չի տարել, Սուսանն իր կամքով իր հետ հասել է հողամասի վերջնամաս… Ինքը Սուսանին առևանգելու նպատակ չի ունեցել, այլապես նրան ոչ թե տանից, այլ դաշտից կառևանգեր…

Տուժող կինը պնդել է, որ առաջին դրվագով Զավենը դանակը ձեռքին մոտեցել է ներսից փակ իրենց դարպասին ու գոռացել է. «Ախչի, քեզ սպանելու եմ, ո՞ւր ես, ախչի, քեզ սպանելու եմ»: Ինքը վախեցել ու տան հետնամասով փախել է դաշտ՝ մոր մոտ: Երբ վերադարձել են տուն, Զավենն արդեն գնացել էր:

Երկրորդ դրվագով Զավենը կոտրել է տան դռան փականը, ներս է մտել, առանց բառ ասելու բռնել է իր մազերից, քարշ տալով հանել է տանից ու այդ ձևով իրեն տարել է մինչև հողամասի վերջնամաս: Ամբողջ ընթացքում նա իրեն սպառնացել է. «Էսօր դու մեռար»: Պահանջել է, որ միասին տուն վերադառնան:

Ինքը գոռացել է, խնդրել է բաց թողնել: Հողմասի վերջնամասում՝ ցանկապատի մոտ, Զավենը նորից բռնել է իր մազերից ու ասել է. «Տես՝ ինչ եմ հանում՝ թույն եմ բերել, որ դու խմես, հետո էլ ես խմեմ»: Սուր հոտով թունաքիմիկատով լցված շշի բերանը բացել, մոտցրելէ իր բերանին ու փորձել է խմեցնել: Ինքը ձեռքով հրել է շիշը, պարունակության մի մասը թափվել է իր ձեռքերին ու շորերին: Ինքը վախեցել է, համաձայնել է Զավենի հետ տուն գնալ: Նա փակել է շշի բերանը, շիշը մի կողմ է նետել:

Ցանկապատի «սետկայի» մոտ ինքը վայր է ընկել, Զավենի հետ գլորվելով «սետկայից» անցել են մյուս կողմ: Զավենը նորից բռնել է իր մազերից, քաշելով փորձել է հետը տանել:

Այդ ժամանակ լսել են իր մոր ու հարևանուհու ձայները: Մայրն ասել է, թե ոստիկանություն է զանգել: Զավենը միանգամից թողել է իրեն ու պառկել է գետնին, որ չտեսնեն: Հետո նա փախել է: Նրա գնալուց հետո ինքը տեսել է, որ ձեռքերը կարմրած են, մարմնին քերծվածքներ կան…

Տուժողը քաղաքացիական հայցի պահանջ առաջ չի քաշել, բայց խնդրել է Զավենին ենթարկել պատասխանատվության օրենքի սահմաններում:

Դատարանն արձանագրել է հանցագործությունների կատարման առանձնապես վտանգավոր ռեցիդիվ Զավեն Մ.-ի կողմից:

Զավեն Մ.-ն մեղավոր է ճանաչվել մեղսագրված արարքների համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137 հոդվածի 1-ին մասով, 34-131 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 147 հոդվածի 1-ին մասով:

Զավեն Մ.-ն վերջին հաշվով դատապարտվել է 6 տարի 6 ամիս ազատազրկման:

Պատժի սկիզբը՝ 2015 թվականի հոկտեմբերի 7-ից:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.1in.am