ArmDaily.am -ը գրում է. փետրվարի 24-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում, ինչի հետևանքով 4 մարզ մահացել է, 4-ը՝ վիրավորվել։
Միմյանց են բախվել «ՄԱԶ»-ը և ВАЗ 2107-ը։ Վերջինս վարել է Տավուշի մարզի Այգեձոր գյուղի բնակիչ, 46-ամյա Համբարձում Աբրահամյանը, իսկ «ՄԱԶ»-ը վարել է 56-ամյա Արամ Դանիելյանը: Վթարի հետևանքով տեղում մահացել է 07-ի վարորդ Հ. Աբրահամյանը, իսկ նրա ուղևորներ, Տավուշի մարզի Այգեձոր գյուղի բնակիչներ, 76-ամյա Ամալյա Գրիգորյանը, 31-ամյա Արսեն Աղասյանը, 26-ամյա Անի Ապերյանը, 7-ամյա Մարիաննա Աղասյանը, 5-ամյա Ավագ Աղասյանը, 4-ամյա Սուսաննա Աղասյանն ու 1-ամյա Անգելինա Աղասյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց, որտեղ Ա. Գրիգորյանը, Ա. Աղասյանն ու Ա. Ապերյանը մահացել են:
ВАЗ 2107-ում եղել են ամուսինները, նրանց 4 երեխաները, ամուսնու տատիկը և վարորդը, ով համագուղացի է, բայց ազգակցական կապ չունի ընտանիքի հետ, նա տաքսի է վարում։ Զոհվել են տաքսու վարորդը, տատիկը, երեխաների մայրն ու 8 ամսական երեխան։
ArmDaily.am-ի հետ զրույցում Այգեձոր համայնքի բնակիչները հայտնեցին, որ այսօր տեղի է ունենալու 8 ամսական երեխայի և նրա մոր թաղումը, իսկ վաղը տեղի է ունենալու տատիկի և տաքսու վարորդի թաղումը։
Ընտանիքի անդամները տաքսիով գնալիս են եղել Իջևան, որտեղ ապրում է մահացած կնոջ սկեսուրը։ Այդ օրը սկեսուրի 50-ամյակն էր և նրանք գնում էին կնոջն անակնկալ անելու համար։ Մահացածներից 76-ամյա Ամալյա Գրիգորյանը, ով հոբելյարի մայրն է, չի ցանկացել գնալ, քանի որ այդ օրը նրա հարազատներից մեկին պետք է վիրահատեին, բայց թոռը համոզել է ու տարել։
Հարցին՝ ի՞նչ վիճակում են վիրավորները, արդյոք մասնակցելո՞ւ են հարազատների հուղարկավորությանը, մեր զրուցակիցը նշեց, որ վիճակները ծանր է, բոլորը գտնվում են Երևանում՝ հիվանդանոցում և հուղարկավորությանը ներկա չեն լինի։
Նրանք նաև նշեցին, որ կինը հղի չի եղել, տարածված լուրերը կեղծ են, իսկ նրանց առաջին օգնություն ցույց են տվել Այգեձորի հիվանդանոցում։ Դագաղները որպես ընտանիքին օգնություն տրամադրել է Բերդի քաղաքապետը։