Բացահայտվեց Հայաստանի լրջագույն գերկորուստը, Ահա թե որն է այն ...

 

Տարկետման պայմաններին առնչվող օրինագծի դեմ ուսանողական բողոքի ալիքը առաջացրեց ոչ միայն թեմային առնչվող քննարկումներ և հարցադրումներ, այլ նաև հարցեր, որոնք անմիջական առնչություն չունեն թե՛ բուն խնդրին, թե՛ դրա քաղաքական ու ներիշխանական հնարավոր ենթատեքստերին, թե՛ ազգ-բանակ հայեցակարգին ու անվտանգության, քաղաքացիական, դրանց հարաբերակցության, նաև գիտության զարգացման խնդիրներին:

Խոսքը տվյալ պարագայում հարցերի մասին է, որոնց հեղինակները բարձրացնում են ընդհանրապես ուսանողության, երիտասարդության ակտիվության խնդիրը Հայաստանում՝ հարցնելով, թե ինչո՞ւ, օրինակ, բողոքի ալիք չկա կրթական, գիտական ոլորտներում առկա բազմաթիվ այլ խնդիրների կապակցությամբ կամ քաղաքական ու քաղաքացիական, արտաքին քաղաքական, անվտանգային, հասարակական, պետական այլ կարևորագույն հարցերի ու երևույթների վերաբերյալ: Ընդ որում՝ այդ հարցադրման առիթով հաճախ հնչող պատասխանները, թե բանը լոկ այն է, որ տվյալ պարագայում ուսանողները ունեն

ընդամենը ծառայությունից խուսափելու մոտիվացիա և ոտքի են ելնում միայն անմիջական այդ մոտիվացվածության պարագայում, հարցի թերևս մակերեսային պատասխանն են, որը թույլ չի տա իսկապես խորությամբ դիտարկել Հայաստանում ուսանողական ակտիվության կարևոր խնդիրը:

Եթե որևէ պետությունում չկա ուսանողական ակտիվ շերտ, ակտիվ երիտասարդություն, որն ունակ չէ ինքնակազմակերպվել պետության և հանրության համար կարևոր հարցերում, որն ունակ չէ անհրաժեշտության դեպքում օրակարգեր առաջադրել թե՛ իշխանությանը, թե՛ ընդդիմությանը, թե՛ այլ հանրային շերտերի, ապա այդ պետության ոչ միայն արդյունավետությունը, այլ նաև գործնականում անվտանգությունը ունի մի կարևոր բաց: Կա՞ Հայաստանում այդպիսի երիտասարդական շերտ, թե՞ ոչ: Այստեղ միարժեք պատասխան գտնելը բավական բարդ է: Մի կողմից թվում է, որ կա, և դրա մասին վկայում է թե՛ ներկայիս բողոքի ալիքը, թե՛ այլ առիթներով, այլ հարցերով կազմակերպվող բողոքները: Մյուս կողմից, սակայն, բազմաթիվ լրջագույն հարցերում չի երևացել այդ երիտասարդությունը, հետևաբար հարց է առաջացել, թե ուր է այն, եթե կա:

Ըստ երևույթին, իրավիճակն առավել մոտ է այն բանին, որ երիտասարդությունը, ուսանողությունը Հայաստանում հիմնականում հիշեցնում է «անմշակ այգի», որտեղ, այսպես ասած, բնական բարենպաստ պայմանների ազդեցության ներքո ժամանակ առ ժամանակ կարող է լինել առատ և օգտակար բերք, սակայն ընդհանուր առմամբ դրա վրա չկա կազմակերպված և ֆունկցիոնալ «տնտեսություն»: Իհարկե, մի մասը իշխանությունը լավ էլ մշակում է՝ մի զգալի մասը, իսկ այգու փոքր «հողակտորներ» էլ մշակում են ընդդիմադիր տարբեր ուժեր, սակայն այդ ամենից խնդիրը ավելի է  սրվում, որովհետև երիտասարդական, ուսանողական հիմնական, առանցքային ներուժը մնում է մշակումներից դուրս, իսկ «բերքը» այդ պայմաններում «թափվում» է կա՛մ իշխանության, կա՛մ ընդդիմության կողմը: Դա իսկապես լրջագույն խնդիր է, որը, սակայն, չկա հանրային քննարկումների օրակարգում, որովհետև չի նշմարվում նաև այդ խնդրի քննարկման շահառու որևէ խումբ:

Իշխանությանը դա քննարկել պետք չէ, որովհետև իշխանությունն ունի «այգու» իր հատվածը, որը լիուլի բավարար է իր խնդիրները լուծելու համար: Ընդդիմությանն էլ, ընդդիմադիր ուժերին էլ խորքային առումով դա պետք չէ, քանի որ մի կողմից, իհարկե, խոսելով, այսպես ասած, անաչառ, անկախ, ինքնուրույն երիտասարդության

անհրաժեշտության մասին, մյուս կողմից՝ քաղաքական այդ ուժերը դա դիտարկում են իրենց քաղաքական նպատակներին ծառայեցնելու պոտենցիալ ռեսուրս՝ ակնկալելով իրենց ներքո վերցնել իշխանության դուրս թողածը: Հետևանքն այն է, որ Հայաստանը ներկայումս իր ժողովրդագրական լրջագույն խնդիրների՝ մի կողմից նվազող, մյուս կողմից՝ ծերացող բնակչության պայմաններում, այդուհանդերձ, ունի իսկապես արժեքավոր երիտասարդական ներուժ, որ ժամանակ առ ժամանակ «սպրդում» է քաղաքական աքցանների արանքից, այսպես ասած՝ փորձում է տնկել գլուխը՝ մի կողմ թողնելով այդ փորձերի բովանդակային կամ թիրախային համարժեքությունը, բայց այդ ներուժը հիմնականում մնում է չմշակված, իսկ հանրային և պետական խնդիրների համար ՕԳԳ տեսանկյունից դրա ցուցանիշը զգալիորեն ցածր է, քան թույլ է տալիս ակնկալել եղած ներուժը:

Մեծ հաշվով, տարկետման հարցի շուրջ առաջացած ներկայիս աղմուկը հերթական անգամ բացահայտեց Հայաստանի համար պետականության քառորդ դարի ընթացքում եղած լրջագույն գերկորուստը, որը դուրս է, թերևս, որևէ նորմատիվից: Խոսքը երիտասարդական ներուժի գերկորուստի մասին է, որի, այսպես ասած, մայր խողովակից «լևի գիծ» են մտել

իշխանությունը՝ շատ հաստ խողովակով, և տարբեր ընդդիմադիր ուժեր՝ ամեն մեկն իր ձեռքին հասու խողովակի տրամաչափով: Հանրությանն ու պետությանը չի հասել գրեթե ոչինչ:

Ինչ կփոխվի հերթական դրսևորումից հետո, երբ այս կամ այն ելքով սպառվի, այսպես ասած, բուն թեման: Երիտասարդությունը կփորձի՞ անել առավել խորքային հետևություն, իսկապես պետականության ընթացք գեներացնող հզորություն դառնալու համար՝ ձեռնամուխ լինելով արդեն ներքին շրջանակում ավելի խորքային քննարկումների, թե՞ կլինի հերթական դրսևորումը, որ ի ցույց կդնի խնդիրը, բայց դարձյալ պարզ չէ, թե ում համար:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.1in.am