«Անուղղելիները» հեռուստասերիալում նկարահանվելուց հետո շուրջ 1 ու կես տարի է, ինչ դերասան Սեպուհ Ապիկյանն էկրաններին չի երեւում:
«Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվեց՝ հարմար առաջարկներ չեն լինում, թե նախապատվությունը տրվում է այլ դերասանների: «Այո, դադարի շրջան է, ճիշտն ասած, պատճառների մասին չգիտեմ: Այս ընթացքում առաջարկներ չեն եղել: Երեւի թե նախապատվությունը տալիս են ուրիշներին»,-պատասխանեց Սեպուհը:
Մենք նաեւ հարցրինք՝ արդյոք թատրոններից որեւէ մեկում կամ անտերպրիզային ներկայացումներում ընդգրկված է: «Ոչ, տարիներ առաջ ինձ հետ տեղի ունեցած չարաբաստիկ ավտովթարից հետո թատրոնների հետ չեմ համագործակցում: Երբ վթարը եղավ, ֆիզիկապես ի վիճակի չէի խաղալու, դրանից հետո էլ արդեն հրավերներ չեղան»,-մեկնաբանեց Սեպուհը: Նա նշեց, որ, բնականաբար, իր համար դժվար է առանց սիրելի աշխատանքի ապրելը թե՛ ֆինանսապես, թե՛ հոգեբանորեն:
Բայց պետք է նկատել, որ հանդիսատեսի սերը դերասանի նկատմամբ չի մարել. շատերն են հիշում նրա մարմնավորած կերպարներն ու ցանկանում են կրկին տեսնել էկրաններին:
Տարիներ առաջ Սեպուհ Ապիկյանը նկատել էր, որ ռեժիսորներն ու պրոդյուսերները հաճախ դերասաններին անընդհատ նույն ռակուրսից են ցույց տալիս: «Այդ առումով բան չի փոխվել:
Հիմա էլ եմ նույն միտումը տեսնում: Ես իմ մասին չեմ խոսում, առհասարակ եմ ասում: Հետաքրքիր չէ նույն մարդուն անընդհատ տեսնել նույն կերպարում, կարելի է նաեւ նույն նախագծում նկարահանել դերասանների, որոնց երբեք միասին չենք տեսել»,- շեշտեց դերասանը:
Հավելենք, որ Սեպուհ Ապիկյանը նկարահանվել է մի քանի ֆիլմերում՝ «Վերվարածները», «Բանակում» հեռուստասերիալներում, «Yere-1» հեռուստանախագծում: Հանդես է գալիս հիմնականում հումորային դերերով:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ armlur.am