Պատմությունը ցույց է տալիս, որ կրիմինալի և քրեական հեղինակությունների դեմ հայտարարված պայքարի ժամանակներին ամենից ավելի են հատուկ սպանությունները: Այդպիսի մի շրջան էր 90-ականների սկիզբը, երբ ՆԳ ամենազոր նախարար Վանո Սիրադեղյանի ձեռքը ամենուր և ամենին հասնում էր: 90-ականների սպանություններն իրականացվում էին հենց քրեական հեղինակությունների և գողականության դեմ պայքարի դրոշի ներքո:
Այս ճանապարհին ենք նաև այսօր, երբ կրկին ունենք կրիմինալի և քրեական աշխարհի դեմ հայտարարված պայքար, բայց զուգահեռաբար՝ իրավապահ համակարգի կարևոր դեմքերի առնվազն՝ բռնի մահեր…
90-ականների Հայաստանում եղավ մի շրջան, երբ մարդիկ արդեն չէին հասցնում արձագանքել հերթական սպանությանը:
Հանրությունը դժվարությամբ հասցնում էր արձագանքել պաշտոնյաների և հասարակական-քաղաքական ու տնտեսական գործիչների, հանցավոր աշխարհի ներկայացուցիչների իրար հաջորդող սպանություններին: ՈՒ եթե սկզբում այս կարգի սպանությունները մարդկանց մեջ առաջացնում էին սաստիկ հետաքրքրություն, ապա աստիճանաբար այդ սպանությունները վերածվեցին վիճակագրության:
Հիմա ո՞վ է հիշում 90-ականներին այդպես էլ չբացահայտված՝ «Մալենկովի գործը»: Շատերը, հատկապես, նոր սերունդը, չգիտեն էլ ո՞վ է Մալենկովը, ինչու՞ նրան սպանեցին:
Ինձ խփելու են, բայց միայն թիկունքից, դիմացից չեն կարող
Մահվանից 15 օր առաջ եղբորն ասված այս խոսքերի հեղինակ Մալենկովի հուղարկավորությունը, որ տեղի ունեցավ 1993 թվականի մարտի 8-ին, Երևանի երկաթուղային կայարանին հարող հատվածում, թերևս, անկախությունից հետո Երևանում տեղի ունեցած ամենամեծաշուք թաղումներից մեկն էր:
Ժամանակի մամուլը վկայում է, որ առավոտից կայարանին հարող բոլոր փողոցները փակված էին, կանգնած էր տրանսպորտը, չէին գործում առևտրի կետերը:
Սգո ժապավեններով և ծաղկեպսակներով զարդարված մի քանի տասնյակ սպիտակ «Նիվա»-ներ երկար շարք էին կազմել: Հանգուցյալի տան մոտ հավաքված էր մարդկանց հսկայական բազմություն:
Շքեղ մեքենաներից դուրս եկող ոտքից գլուխ սև հագած, ինքնավստահ դեմքերով տղամարդիկ՝ շրջապատված ամրակազմ երիտասարդներով, ուղևորվում էին դեպի մուտք: Հավաքվածները, կարծես հրամանով, իսկույն հետ էին քաշվում՝ միջանցք բացելով նրանց համար:
Մայրաքաղաքի հանցավոր աշխարհը հրաժեշտ էր տալիս իր, թերևս, ամենահայտնի «հեղինակություններից» մեկին, մի քանի օր առաջ սեփական մեքենայում ավտոմատային կրակահերթով գնդակահարված հանրահայտ Մալենկովին:
Նյութի աղբյուր՝ pastinfo.am