Ո՞վ է Արցախում զոհված Լեյտենանտ Հայկ Ասրյանը. Նոր մանրամասներ

Երեկ զոհված զինծառայող 23-ամյա Հայկ Ասրյանը Սյունիքի մարզի Գորիս քաղաքի բնակիչ էր: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Գորիսի քաղաքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանը:

Նա հայտնել է, որ Հայկը ավարտել է Գորիսի Ակսել Բակունցի անվան դպրոցը` բարձր առաջադիմությամբ:

Սովորել է Արմենակ Խամփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանում: Մինչ այդ ավարտել է Երևանի պետական համալսարանի Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը, մասնագիտությամբ ծրագրավորող էր:

 

«Հայկը ծառայության էր անցել 2018 թվականի հուլիսից, որպես լեյտենանտ էր ծառայում: Հայրը ճանշինում է աշխատում: Իրենից փոքր եղբայր ունի եւ քույր: Շատ լավ մարդ, խելացի տղա է եղել, ամբողջ համայնքը ցավում է: Չգիտենք, չենք պատկերացնում ինչը կարող էր մահվան պատճառ լինել, սպասում ենք պաշտոնական տեղեկատվության»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, փետրվարի 14-ին մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1997թ. ծնված Հայկ Ներսեսի Ասրյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (Ինքնասպանության հասցնելը. Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը՝պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով) հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն ապահովելու համար:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.