EcoNews.amբնապահպանական տեղեկատվական կայքը շարունակում է ներկայացնել ապօրինի որսի դեպքերի մասին վկայող լուսանկարներ եւ այլ մանրամասներ: Այս անգամ խոսքը վերաբերում է խոշոր կենդանիների որսի «իսկական սիրահար», արտասահմանաբնակ անձնավորությանը, ով սիրում է ժամանակ առ ժամանակ վերադառնալ հայրենիք եւ զբաղվել «արգելված որսով», այդ թվում նաեւ Կարմիր գրքում գրանցված կենդանիների:
Հայաստանում «արգելված որսով» զբաղվող 45-ամյա Տիգրան Խաչատրյանի համացանցային հասանելի տվյալների վերլուծության արդյունքում պարզվեց, որ վերջինս մշտական բնակություն է հաստատել Գերմանիայում:
Կայքը ներկայացնում է 2014թ.-ին նրա կողմից բեռնված մի քանի լուսանկար, որտեղ սպանված է արջ, բեզոարյան այծ եւ մուֆլոն:
Նշենք, որ բեզոարյան այծը գրանցված է նախկին ԽՍՀՄ-ի Կարմիր գրքում: Տեսակն ընդգրկված է նաեւ IUCN Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Vulnerable A2cd» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Վտանգված» տեսակ: Ներկայիս գնահատմամբ` բեզոարյան այծի թվաքանակը Հայաստանում կազմում է 1000-1500 առանձնյակ: Պահպանվում է «Խոսրովի անտառ» եւ «Շիկահող» արգելոցներում, «Արեւիկ» եւ «Սեւան» ազգային պարկերում, «Զանգեզուր» արգելավայրում եւ Հարավային Հայաստանի մի շարք այլ արգելավայրերում: Հայկական մուֆլոնը եւս գրանցված է ՀՀ Կարմիր գրքում,
ինչպես նաեւ ներառված է IUCN Կարմիր ցուցակում «Vulnerable A2cde» կարգավիճակով եւ ցուցակի չափորոշիչներով ենթատեսակը գնահատվում է որպես «Վտանգված»: Ներկայիս գնահատմամբ՝ մուֆլոնի թվաքանակը Հայաստանում չի գերազանցում 250-300 առանձնյակները: Պահպանվում է «Զանգեզուր» արգելավայրում եւ «Արեւիկ» ազգային պարկում: Որսված կենդանիները, հավանաբար, հետագայում տեղ են գտել նշված մարդու «անձնական հավաքածուի» մեջ, ինչի մասին վկայում են լուսանկարները:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ news.am