32 տարի առաջ հունվարի 30-ին Տիգրան Ներսիսյանն ու Նելլի Խերանյանը միմյանց հավերժ սիրելու եւ հավատարիմ լինելու խոստում են տվել: Վաստակավոր արտիստուհին BRAVO.am-ին հարսանեկան արխիվային լուսանկար է տրամադրել եւ հիշողություններով կիսվել:
«Բավական ավանդական եւ ուրախ հարսանիք ենք ունեցել: Այն ժամանակ խնջույքները տանն էին անում, մենք էլ Տիգրանենց տանն էինք հավաքվել: Հաճախ ենք հիշում այդ օրը, հատկապես այն պահը, երբ տան շեմին ափսեները կոտրելու պահին կոշիկիս կրունկը կոտրվեց:
Սկեսուրս ինձ մեկ ուրիշը տվեց: Կային մարդիկ, որ սնահավատորեն էին մոտենում հարցին՝ ասելով, որ լավ նշան չէ, բայց ինչպես երեւում է՝ այսքան տարի անցավ այնպես, ինչպես մենք ուզեցինք անցկացնել»,- պատմել է Սունդուկյանի անվան թատրոնի դերասանուհին:
Ամուսինների համար տարիներն ակնթարթի պես են անցել.«Մեկ-մեկ թվում է՝ երկրագունդը սկսել է արագ պտտվել, տարիներն անսահման արագ են սահում, չենք հասկանում, թե ինչպես 32 տարի ապրեցինք միասին»:
Երրորդ երեխա ունենալու հարցը չի քննարկվել.«Նույնիսկ չենք խոսել այդ մասին: Բայց երկու հղիություններիս ժամանակ էլ տղա ունենալու մասին խոսակցություններից չենք խուսափել:Ինչպես իմ, այնպես էլ Տիգրանի համար երեխայի սեռը երբեք կարեւոր չի եղել: Մեր երկու աղջիկների՝ Անիի եւ Մանեի լույս աշխարհ գալու ժամանակ էլ ամուսինս անսահման երջանիկ է եղել: Մեզ համար մեր երեխաները ե՛ւ աղջիկ են, ե՛ւ՝ տղա»:
Մանրամասները՝ այստեղ։