«Ճըվճըվ Արո»-ի որդին դատապարտվել է 6 տարի 6 ամիս ազատազրկման. Armtimes.com

«Ճըվճըվ Արո» անունով հայտնի Արա Վարդանյանի որդին՝ Սարգիս Վարդանյանը, այսօր ՃՈ աշխատակիցների ողբերգական վթարի գործով դատապարտվել է 6 տարի 6 ամիս ազատազրկման։

Դատավճիռը հրապարակվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նրա պաշտպան Լեռնիկ Հովհաննիսյանն ասաց, որ Վարդանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):

Ինչ վերաբերում է 244-րդ հոդվածին (ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը), որով Վարդանյանին եւս մեղադրանք էր առաջադրված, պաշտպանը պարզաբանեց. «Նախորդ դատական նիստին դատախազը միջնորդեց, որ վաղեմության հիմքով այդ մասով քրեական հետապնդումը դադարեցվի, եւ միջնորդությունը բավարարվեց»:

Հարցին, թե ինչ դիրքորոշում ունեն դատավճռի վերաբերյալ, Լեռնիկ Հովհաննիսյանը պատասխանեց. «Դիրքորոշումն իմը չէ, իմ պաշտպանյալինն է, դատավճիռը կստանա, կորոշի՝ բողոքարկելու ենք, թե ոչ»:

Ողբերգական ավտովթարը, հիշեցնենք, տեղի էր ունեցել 2018 թվականի հունվարի 8-ի լուսադեմին: Իրար էին բախվել Ճանապարհային ոստիկանության ծառայություն իրականացնող «Toyota Corolla» մակնիշի եւ «BMW X6» մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով «Toyota Corolla»-ի վարորդ, ՃՈ ծառայող Արեգ Դավթյանը եւ ուղեւոր, ՃՈ ծառայող Խաչիկ Գասպարյանը մահացել էին:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Սարգիս Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2018 թ. հունվարի 8-ին՝ ժամը 04:40-ի սահմաններում, իրեն վստահված «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով, չունենալով վարորդական վկայական, 2 ուղևորով երթևեկել է Աբովյան փողոցով՝ Մոսկովյան փողոցի կողմից դեպի Սայաթ-Նովա պողոտայի ուղղությամբ՝ լապտերները միացված վիճակում: 60 կմ/ժ գերազանցելով՝ 113 կմ/ժ արագությամբ ստեղծել է վթարային իրադրություն, որի արդյունքում բախվել է ոստիկանության ավագ լեյտենանտ Արեգ Դավթյանի վարած «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենային, այնուհետև՝ գովազդային վահանակին, որից հետո լքել է դեպքի վայրը և հեռացել: Վթարի հետևանքով «Տոյոտա» մակնիշի վարորդ Արեգ Դավթյանին և ուղևոր Խաչիկ Գասպարյանին անզգուշությամբ պատճառվել է մահ:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ armtimes.com