Արցախի զորամասերից մեկում միջադեպի հետևանքով 2 զինծառայող է վիրավորվել

Արցախի զորամասերից մեկի տարածքում տեղի ունեցած միջադեպի հետևանքով երկու զինծառայող է վիրավորվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: 

«Վիրավորներից մեկը՝ 2001թ. ծնված Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանն է, ում վիճակը ծանր է»,- գրել է Հովհաննիսյանը՝ հավելելով, որ այլ մանրամասներ չի կարող հայտնել:

«Ունենք դեպք, որով կա երկու վիրավոր, զոհ չկա: Մեկի կյանքին առնվազն վտանգ չի էլ սպառնում: Այս պահին այլ բան չեմ կարող ասել»,- ավելի վաղ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել էր Հովհաննիսյանը: 

Միջադեպի վերաբերյալ հայտարարություն է տարածել նաև Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը. 

«Հունվարի 24-ին՝ ժամը 06:55-ի սահմանում, ՊԲ հյուսիային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, դեռևս չպարզված հանգամանքներում, հրազենային վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ, 2001թ. ծնված Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանը և 2000թ. ծնված Արմեն Ջոնիկի Մեսրոպյանը:

Վիրավորում ստացած զինծառայող Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանի վիճակը գնահատվում է ծանր:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն»,-ասված է հաղորդագրության մեջ:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.