Անդրանիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Հհկ-ական համայնքապետը ուղղորդում է անասնապահների բողոքի ցույցը:
Սա այն համայնքապետն է, որը մեկ տարի շարունակ կառչել է իր աթոռից, չնայած նրան, որ մարալիկցիները արդեն մեկ տարի է շրջափակել են համայնքապետարանի շենքը և արգելել են նրա մուտքը:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Կառավարությունը մարզպետարանների եւ ՍԱՏՄ-ի հետ կձեւավորի սպանդանոցների նախընտրելի քարտեզ. «Հասցեական կֆինանսավորվեն այն նախագծերը, որոնք այդ սփռվածության եւ հասանելիության խնդիրը կլուծի»։
Վարչապետն ասաց, որ մինչեւ այս թվականի հուլիսի 1-ը պետք է աշխատեն այդ որոշման ուղղությամբ. «Աշխատենք եւ այս պրոցեսը մինչեւ վերջ տանենք՝ պայմանով, որ հուլիսի 2-ից ի վեր այս թեմային այլեւս չենք վերադառնալու։ Մինչեւ փետրվարի վերջը պատրաստ ենք այլ առաջարկներ լսել։
Մինչեւ մարտի 1-ը այս ֆինանսավորումը կբացենք, մինչեւ հուլիսի 1-ը տալ ժամանակ, որ մեր հայրենակիցները իրար հետ միանան այս գումարը վերցնեն ու ներդրումն անեն։ Մենք չենք կարող ասել՝ եկեք ցեխի մեջ շարունակենք ապրել, որովհետեւ այդտեղ հարմար է կամ սովորել ենք այդտեղ ապրել։
Եթե մեր բողոքող հայրենակիցների համար այս առաջարկն ընդունելի է, ուրեմն պատրաստ ենք այս 3 գործողություններն անել. թյունինգ անել սուբսիդավորվող վարկերը եւ լիզինգային ծրագրերը, մինչեւ հուլիսի 1-ը հետաձգել, բացառությամբ Երեւանի սուպերմարկետների, ռեստորանային եւ հանրային սննդի ցանցերը, որոնք կլինեն միայն սպանդանոցներից։ Մնացած վայրերինը առայժմ կմնա նույնը»։
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 15-ից ուժի մեջ է մտել կառավարության ընդունած որոշումը, ըստ որի` Հայաստանի ամբողջ տարածքում վաճառվող միսը պետք է ունենա սպանդանոցում մորթված լինելը հավաստող փաստաթուղթ, ինչն անվտանգության երաշխիք է։
Հիշեցնենք նաեւ, որ անասնապահները եւ մսավաճառները մի քանի օր բողոքի ակցիաներ էին իրականացրել Կառավարության շենքի առջեւ պահանջելով վերանայել այդ որոշումը։ Ակցիայի մասնակիցները մի քանի րոպեով փակել էին մայրաքաղաքի Տիգրան Մեծի պողոտան այնուհետեւ կառավարությունից, որեւէ արձագանք չստանալով կոչ էին արել, որպեսզի ՀՀ բոլոր մարզերում բնակիչները փողոցները փակեն։
Երեկ՝ վաղ առավոտից ցուցարարները Արարատի, Արմավիրի, Կոտայքի մարզերում ճանապարհները փակել էին։