Այսօր՝ նոյեմբերի 7-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 15:50-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհի 83-րդ կմ հատվածում՝ Դիլիջանի 1-ին ոլորանում, բախվել են Opel մակնիշի 34 ԼT 667 համարանիշի և MAN մակնիշի K 387 YT 163 համարանիշի բեռնատարը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, իսկ 2 հոգի քաղաքացիների, Դիլիջանի ոստիկանների, Ճանապարհային ոստիկանների և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Դիլիջանի հրշեջ-փրկարարների
օգնությամբ դուրս են բերվել Opel-ի միջից և տեղափոխվել Դիլիջանի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Սերյոժա Ղալթախչյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել են նաև Ոստիկանության Դիլիջանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Սևակ Բադիրյանի, նույն բաժնի ծառայության գծով տեղակալ Վարդան Աբովյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է
Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզի քննչական վարչության պետ Աննա Մանթաշյանի և նույն վարչության Դիլիջանի քննչական բաժնի պետ Վահրամ Գյոզալյանի և ավագ քննիչ Գագիկ Այվազյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին որ վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել Դիլիջանի ոստիկանապետ Վահե Ղազարյանը և ՃՈ վաշտի հրամանատար Է. Սուսլիյանը: Փաստի առթիվ քննիչ Գ. Այվազյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը: Օպերատիվորեն ժամանել են նաև Ծովագյուղի Ճանշինի աշխատակիցները, ովքեր օգնում են ՃՈ աշխատակիցներին, որպեսզի ավտոմեքենաները տեղափոխվեն վթարի վայրից, իսկ հետո կատարեն ճանապարհի մաքրման աշխատանքներ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ գյուղի բնակիչ, 62-ամյա Վլադիմիր Հարությունյան է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ shamshyan.com