Արտակարգ դեպք Երևանում. Երկաթյա ձողով հարվածել են կանչով բնակարան ժամանած բժշկին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունվարի 12-ին Երևանում բժշկի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու փաստով։ Ժամը 19։40-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի շտապօգնության «Կենտրոն» ենթակայանի խմբի բժիշկները կանչով մեկնել են Սունդուկյան փողոցի 1-ին շենքի բնակարաններից մեկը, որտեղ բռնություն է կիրառվել բժշկի նկատմամբ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 18։00-ին կանչով նշված վայր ժամանած բժիշկ՝ 58-ամյա Կարեն Ա-ին երկաթյա ձողով հարվածել է նույն բնակարանի բնակիչ՝ 34-ամյա Հայկ Խ-ն՝ գլխի մասում պատճառելով վնասվածք։ Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.