5 տարի առաջ` 2015 թվականին հունվարի 12-ին, Գյումրին հերթական, այս անգամ՝ արդեն ողբերգական ցնցումն ապրեց: Կայծակնային արագությամբ տարածվեց Ավետիսյան ընտանիքի առանձնակի դաժանությամբ սպանդի ենթարկվելու լուրը: Մյասնիկյան 188 հասցեն դարձավ հայտնի ամբողջ հանրապետությունում: Այդ հասցեի մի փոքրիկ տանն էր տեղի ունեցել անմարդկային ոճիրը: Քնած ժամանակ սպանվել էին Հասմիկ, Սերյոժա, Աիդա, Արաքսյա, Արմեն Ավետիսյաններն ու Արաքսիայի եւ Արմենի մանկահասակ երեխաները՝ 2-ամյա Հասմիկն ու 6 ամսական Սերյոժան: Վերջինս ընտանիքի միակ անդամն էր, որը սվին դանակով վիրավորումներ ստացած էր հայտնավբերվել, սկզբում տեղափոխվել էր Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոց, այնուհետ՝ Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ երեխայի կյանքը փրկել չէր հաջողվել:
Ավետիսյանների ընտանիքի մյուս անդամները սպանվել էին հրազենից արձակված կրակոցներից: Պաշտոնական մեղադրանքի համաձայն՝ ոճիրն իրականացրել էր Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պավելի Պերմյակովը, ում նկատմամբ էլ քրեական գործ հարուցվեց: Վալերի Պերմյակովը մեղադրվեց ՀՀ օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ, 8-րդ կետերով (նախատեսում է ցմահ ազատազրկում), 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով (ազատազրկում 10 տարի ժամկետով) եւ 34-329 հոդվածի 1-ին մասով (ազատազրկում 2 տարի ժամկետով): 2017 թվականի մայիսի 18-ին իրականացվել է Վալերի Պերմյակովի փոխանցումը Ռուսաստանին: