SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, երեկ՝ հունվարի 6-ին, «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ձորաղբյուր գյուղի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ոստիկանոթյան Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ մահացածը 60-ամյա Սաղաթել Սաղաթելյանն էր, ով հաշվառված է Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում: Դատաբժշկի նախնական՝ դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով, Ս. Սաղաթելյանին մահացած հայտնաբերել է նրա 36-ամյա որդին՝ Տիգրան Սաղաթելյանը, ով աշխատում է Երևանի քաղաքապետարանի ջրային կառույցների փոխտնօրեն, իսկ մահացած Ս. Սաղաթելյանը 2008 թվականից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր-օր-ի 139 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի (սեքսուալ բնույթի բռնի գործողությունները, որը կատարվել է անչափահասի նկատմամբ), 266 հոդվածի 1-ին մասի (թմրամիջոցներ, հոգեներգործուն նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը) և 272 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի (թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի գործածմամբ հակելը, կամ ներգրավելը, որը կատարվել է անչափահասի նկատմամբ, և խաբեությամբ) մեղադրանքներով: Մանրամասները` SHAMSHYAN.com-ում