Թրամփի Կոշտ Զգուշացումը Թուրքիային. Ո՞վ է Հաջորդը

lragir.am-ը գրում է․ «Սպիտակ տունը հայտարարություն է տարածել ԱՄՆ նախագահ Թրամփի եւ Թուրքիայի նախագահ Էրդողանի հեռախոսազրույցի մասին: Ըստ հաղորդագրության, ԱՄՆ նախագահը Էրդողանին զգուշացրել է հետեւանքների մասին, որ կարող է ունենալ Լիբիա թուրքական զորք ուղարկելը: Հայտնի է, որ Թուրքիայի խորհրդարանը հավանության է արժանացրել Էրդողանի այդ մտադրությունը: Իսկ զորք ուղարկելու համար նրան դիմել է Լիբիայի ազգային համաձայնության կառավարությունը, որը հակամարտության մեջ է մարշալ Խալիֆա Հաֆթարի ղեկավարած բանակի հետ:

Էրդողանին Թրամփի զգուշացումը խիստ հատկանշական է հնչում տարածված տեղեկության ֆոնին, ըստ որի՝ Թրամփի հրամանով Բաղդադում սպանվել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ ստորաբաժանման հրամանատար, իրանցի ամենաազդեցիկ գործիչներից մեկը՝ գեներալ Ղասեմ Սոլեյմանին

Այդ գործողությունը սպառնում է մերձավորարեւելյան ռեգիոնում եւ միջազգային հարաբերություններում լարվածության նոր ալիքով, որն անշուշտ կընդգրկի շատ ավելի լայն տիրույթ, քան զուտ ամերիկա-իրանյան դիմակայությունը:

Թրամփի անմիջական հրամանով Սոլեյմանիի սպանության հանգամանքի ֆոնին տարածվող տեղեկատվությունը՝ Լիբիա զորք ուղարկելու հետեւանքի մասին Թրամփի զգուշացումն Էրդողանին, անշուշտ ստանում է առանձնահատուկ բնույթ եւ ինչ որ իմաստով դառնում է ակնարկ նաեւ ամերիկա-թուրքական հարաբերության կամ արդեն գուցե որոշակիորեն դիմակայության նոր բնույթի մասին:

Այդ կապակցությամբ հատկանշական է Սոլեյմանիի սպանության առնչությամբ ՌԴ ԱԳՆ խոսնակ Զախարովայի արձագանքը, որը սպանությունը որակել է ցինիզմ եւ նշել, թե Սուլեյմանիի սպանությունը նոր իրողությունների դրսեւորում է, որում հնարավոր է սպանել պաշտոնական անձի առանց իրավական հիմնավորումների:

Զախարովայի այդ հայտարարությունը հատկանշական է մի քանի առումներով եւ կարող է պարունակել շատ շերտեր: Ի վերջո, պետք չէ մոռանալ, որ պաշտոնատար անձի ամենաբացահայտ եւ ցինիկ սպանություններից մեկը տեղի է ունեցել 2016 թվականին՝ Անկարայում, որտեղ ցուցահանդեսում ելույթի պահին ոստիկաններից մեկը բացահայտ գնդակահարել է Թուրքիայում Ռուսաստանի դեսպանին:

Ներկայացրե՞լ է Անկարան այդ կապակցությամբ որեւէ այսպես ասած հիմնավոր բացատրություն Մոսկվային, թե՞ Մոսկվան այդ ժամանակ ի զորու չէր Թուրքիայից պահանջել կամ ակնկալել որեւէ բացատրություն: Այժմ իրադրությունը փոքր ինչ այլ է, այդ թվում՝ նաեւ թուրք-ամերիկյան հարաբերության ազդեցությամբ, որտեղ Նահանգները Անկարայի նկատմամբ կիրառում է բավականին կոշտ գործիքակազմ, այդ թվում՝ նաեւ հայկական հարցի աննախադեպ ակտերով: Մոսկվան այդ ֆոնին ստանում է Անկարայի հետ փոքր ինչ վստահ խոսելու հնարավորություն եւ Զախարովայի արձագանքը՝ Սոլեյմանիի սպանության առնչությամբ, գուցե ենթագիտակցորեն կամ բնազդաբար, իսկ գուցե որոշակիորեն մտածված ակնարկ է նաեւ Անկարային՝ ՌԴ դեսպանի ցինիկ սպանությունից մոտ 4 տարի անց»։ Մանրամասները՝ այստեղ։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.