Լարված իրավիճակ. Մարալիկի ծննդատան տնօրենն աշխատակիցներին ասել է. «Վեշերդ հավաքեք, ծննդատունը փակվում է».

Shamshyan.com-ը գրում է.Այսօր՝ հունվարի 3-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Շիրակի մարզում: Մարալիկի առողջության կենտրոնում տեղակայված Մարալիկի ծննդատան 100-ից ավելի աշխատակիցներ, ինչպես նաև նրանց միացած մեծ թվով ծննդկաններ ու մի քանի գյուղերի բնակիչներ պահանջում էին, որպեսզի վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձագանքի իրենց խնդրանքին:SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում նրանք ասում էին. «Այսօր առավոտյան ծննդատան տնօրեն Վռամ Մելիքյանը մեզ ամանորյա նվեր մատուցեց՝ ասելով, թե կառավարությունը որոշել է, որ ծննդատունը պետք է փակվի ու այսուհետ ծննդկանները պետք է օգտվեն Գյումրիի բժշկական կենտրոնի ծննդատնից:

Նման անհեթեթ անակնկալ մենք չէինք սպասում: Էս ծննդատունը դեռ սովետական տարիներից է գործել ու ամեն տարի 100-150 ծնունդ է ընդունում: Ծննդատունը սպասարկում է 17 գյուղ և կան գյուղեր, որտեղից Գյումրի գնալու համար պետք է կտրեն ու անցնեն 20-40 կիլոմետր: Հետաքրքիր է, մեր տնօրենը, ում նկատմամբ քննիչները գործ են հարուցել 8 մլն դրամ յուրացնելու համար, հայտնել է իրավասու մարմիններին, որ այս ծննդատունը մի քանի սերունդների կյանք է պարգևել:

Մենք վստահ ենք, որ եթե վարչապետ Ն. Փաշինյանին ճիշտ տեղեկություններ տան ու հայտնեն, որ այս գյուղերի համար, մանավանդ՝ ձմռան ամիսներին, դժվար է ճանապարհների մերկասառույցների պատճառով ծննդկաններին հասցնել Գյումրի ու լուծարելու արդյունքում մարդիկ գործազուրկ են լինելու, հաստատ ավելի խելամիտ լուծում կգտնի: Թե չէ Շիրակի մարզը մի մաքսակետով առաջ չի գնա: Այս պահին էլ ծննդատանը մի քանի ծննդկան կա, ովքեր սպասում են իրենց բալիկների լույս աշխարհ գալուն:Կրկին խնդրում ենք վարչապետին, որ միջամտի այս հարցին»:
 

Գյուղերի բնակիչները նաև ասում էին. «Մենք բազմաթիվ սոցիալական խնդիրներ ունենք: Մեր բնակչության մեծամասնությունը սոցիալապես անապահով է ու ծննդատունը Գյումրի տեղափոխելը լրացուցիչ հարված է լինելու մեր գրպանին:

Ստիպված ենք լինելու կրկնապատիկ, եռապատիկ գումարով հասնել Գյումրի, բավական երկար ժամանակ ծախսել, գնալ, հերթերի մեջ կորել, մինչդեռ Մարալիկի ծննդատանը նման խնդիրների երբեք չենք բախվել: Ավելին, ունենք մայրեր, որոնք իրենց բալիկներին այստեղ լույս աշխարհ են բերել գիշերը 2-ին, 3-ին, կապ չունի, որ ժամին, այստեղ բժիշկները միշտ սրտացավ են ու պատրաստ են օրվա ցանկացած ժամի մեր կանանց կողքին լինել»:

SHAMSHYAN.com-ի թղթակիցը հայտնում է նաև, որ ծննդատանը լուծված է կադրերի խնդիրը, երբևէ ծննդատանը նորածինների ու ծննդկանների մահացության դեպքեր չեն գրանցվել: Ծննդատունը հագեցած է գերժամանակակից, միջազգային բոլոր չափանիշներին համապատասխանող բուժսարքավորումներով՝ շնորհիվ իտալացի բարերարի: Մանրամասները այստեղ:

 

Լուսանկարները՝ SHAMSHYAN.com

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.

Լարված իրավիճակ. Մարալիկի ծննդատան տնօրենն աշխատակիցներին ասել է. «Վեշերդ հավաքեք, ծննդատունը փակվում է».Լարված իրավիճակ. Մարալիկի ծննդատան տնօրենն աշխատակիցներին ասել է. «Վեշերդ հավաքեք, ծննդատունը փակվում է».Լարված իրավիճակ. Մարալիկի ծննդատան տնօրենն աշխատակիցներին ասել է. «Վեշերդ հավաքեք, ծննդատունը փակվում է».