Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի համանախագահությամբ Երևանում տեղի է ունենում Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը: Նիստին ներկա են նաև Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, Հայաստանի և Արցախի խորհրդարանների նախագահներ՝ Արարատ Միրզոյանը և Աշոտ Ղուլյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը և Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը մինչ օրակարգային հարցերի քննարկումը հանդես են եկել ելույթներով:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյան –
«Բարև ձեզ, հարգելի գործընկերներ, ուրախ եմ ձեզ տեսնելու համար:
Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ,
Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ,
Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մեծարգո նախագահներ,
Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Անվտանգության խորհուրդների հարգելի անդամներ,
Նախ թույլ տվեք ողջունել Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների երկրորդ համատեղ նիստը: Համանման առաջին նիստը տեղի ունեցավ այս տարվա մարտի 12-ին՝ Ստեփանակերտում, իսկ հիմա ահա համատեղ նիստ ենք անցկացնում Երևանում: Կարծում եմ, այսպիսով, մի շատ կարևոր ավանդույթի սկիզբ է դրվում, որը նաև գործնական կարևոր նշանակություն ունի՝ համադրել երկու հանրապետությունների դիրքորոշումները և անելիքները մեր համատեղ օրակարգի հարցերի վերաբերյալ: Համագործակցությունը և երկխոսությունը Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պետական մարմինների միջև կրում է համակարգված բնույթ և կոչված է ապահովելու տարածաշրջանում հայ ժողովրդի համապարփակ անվտանգությունը:
Մարտի 12-ին մեր համատեղ նիստի ընթացքում ես առանձնահատուկ ընդգծեցի երկու խնդիր, որոնց հասցեագրումն էական է արցախյան հիմնահարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ առաջընթաց արձանագրելու համար: Առաջինը Արցախի՝ որպես հակամարտության հիմնական կողմի ներգրավվածության ապահովումն է: Անցած ամիսների ընթացքում այդ ներգրավվածության ավելացման անհրաժեշտության ընկալումն էականորեն ամրապնդվել է: Այս տեսակետից արդյունք են տվել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության իշխանությունների իրականացրած քայլերը: Կարևոր է, որ այդ քայլերն արտահայտել են օբյեկտիվ իրականությունը, որն ստեղծվել է տարածաշրջանում Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխությունից հետո: Որո՞նք են այդ օբյեկտիվ իրականության բնորոշիչները:
Առաջին՝ Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններն էականորեն ավելացրել են Արցախի սուբյեկտայնությունը և ընդգծել Հայաստանի և Արցախի իշխանությունների հարաբերությունների իրավահավասար բնույթը:
Երկրորդ՝ փոխվել է որոշումների ընդունման մշակույթը և այդ որոշումների վրա ազդելու ժողովրդի և հասարակության դերը ոչ միայն Հայաստանում, այլև Արցախում: Ակնհայտ է, որ Արցախյան հիմնահարցում հնարավոր չէ արձանագրել որևէ նշանակալից առաջընթաց առանց ժողովրդական վստահության առկայության և արտահայտման: Այս տեսակետից առավել քան էական է հակամարտության գոտում ապրող մարդկանց կարծիքը, քանի որ նրանք են լինելու խաղաղ կարգավորման որևէ տարբերակի հետ կապված օգուտների և ռիսկերի անմիջական կրողը: Այս իրողությունն առավել քան ընդգծում է Արցախի ժողովրդի և նրա կողմից ընտրված իշխանության դերը խաղաղ կարգավորման գործընթացում: Արցախում գալիք տարվա մարտին տեղի ունենալիք ընտրություններն այս տեսակետից ստանում են հավելյալ կարևորություն: Հակամարտության կարգավորմանն ուղղված բոլոր հիմնարար փաստաթղթերը կամ ներառում են Արցախի ընտրված իշխանությունների մասնակցության հղում, կամ հաստատվել են Արցախի ընտրված իշխանությունների ներկայացուցիչների կողմից:
Ես ուզում եմ ընդգծել, որ այստեղ մենք ունենք շատ կարևոր իրավիճակ և արձանագրում՝ բանակցային պրոցեսի հենց առաջին օրերից ընդգծվել է Արցախի ընտրված ներկայացուցիչների մասնակցությունը բանակցային գործընթացին, և այս տեսակետից չափազանց տարօրինակ է, որ շատ դեպքերում որոշ կառույցներից մենք լսում ենք գնահատականներ, նեգատիվ գնահատականներ Արցախում տեղի ունեցող ընտրությունների վերաբերյալ: Եվ մեր արձանագրումն այն է, որ իրականում Արցախում տեղի ունեցող ընտրությունները կայանում են միջազգայնորեն ստացված մանդատի հիման վրա, և, հետևաբար, բոլոր այն հայտարարությունները, որոնք որևէ կերպ քննադատության են ենթարկում այդ ընտրությունները, վնասում են խաղաղ գործընթացին, որովհետև եթե պիտի ընտրված ներկայացուցիչներն Արցախի ժողովրդին ներկայացնեն բանակցային գործընթացում, ինչն արձանագրված է բանակցային ձևաչափի և բանակցային պրոցեսների փաստաթղթային հիմքում, ինչպե՞ս կարող են ընտրված ներկայացուցիչներն ընտրվել, եթե ոչ ընտրությունների միջոցով: Եվ ուրեմն առավել քան վստահ եմ, որ Արցախի նորընտիր իշխանությունները, որոնք կստանան իրենց ժողովրդի քվեն և կկրեն այդ քվեն իրենց տված ժողովրդի հանդեպ պատասխատվությամբ, կառուցողական ներգրավում կունենան խաղաղ գործընթացում:
Հայաստանը կշարունակի հանդես գալ որպես Արցախի համապարփակ անվտանգության երաշխավոր: Հայաստանի Հանրապետության այս դերակատարումը, որը ես հանգամանորեն ներկայացրել եմ այս տարվա օգոստոսի 5-ի Արցախի ժողովրդի առաջ Ստեփանակերտի հրապարակում, ենթադրելու է սերտ համագործակցություն ընտրությունների արդյունքում ձևավորվելիք Արցախի նոր իշխանությունների հետ: Այս տեսակետից կուզենայի բարձր գնահատել Արցախի ներկա իշխանությունների հետ ձևավորված փոխըմբռնումը և իմ երախտագիտությունը հայտնել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին՝ Արցախի ժողովրդավարական գործընթացներին սատարելու համար:
Հարգելի գործընկերներ,
այս տարվա ընթացքում խաղաղ գործընթացի արդյունքները համեստ են, սակայն արձանագրվել են երկու կարևոր պայմանավորվածություններ, որոնք վերաբերում են խաղաղության հաստատման համար նպաստավոր միջավայրի ստեղծմանը և բնակչությանը խաղաղության նախապատրաստելուն: Այս պայմանավորվածություններն ունեցել են երկու գործնական արդյունք. չնայած հրադադարի պարբերական խախտումներին՝ ընդհանուր առմամբ հաջողվել է խուսափել ռազմական սրացումներից և իրավիճակը պահել վերահսկելի բոլոր կողմերի համար:
Այսուհանդերձ, հրադադարի խախտումները շարունակում են հանգեցնել մարդկային կորուստների, վտանգում են հակամարտության գոտու քաղաքացիական բնակչությանը և վնասում են խաղաղ գործընթացի ծավալմանը: Օրինակ, անցած շաբաթ Ադրբեջանի կողմից Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանային ճանապարհների և բնակավայրերի գնդակոծումը, որը տեղի ունեցավ ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակում, Մինսկի խմբի համանախագահ երկրների բարձր ներկայացուցիչների՝ դեկտեմբերի 6-ի Բրատիսլավայի հայտարարությունից հետո, և ահա այդ միջադեպը չի նպաստում խաղաղ գործընթացի ծավալմանը: Ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է հետևողականորեն իրականացնել հրադադարի ամրապնդման պայմանավորվածությունները, այդ թվում՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի կարողությունների ընդլայնման միջոցով: Նույնքան կարևոր են ժողովուրդներին խաղաղության նախապատրաստման ծրագրերը, որոնց շրջանակում տեղի ունեցավ լրագրողների փոխանակումը: Ի տարբերություն մարդկանց շփումների ոլորտի այլ ծրագրերի, այս փոխանակումն իրականացվեց ոչ թե այս կամ այն երրորդ կողմի ուրվագծած շրջանակում, այլ հակամարտության բոլոր կողմերի պետական մարմինների միջոցով, որոնք ունակ եղան ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջոցով միմյանց հետ համաձայնեցնել և իրականացնել մեկ ընդհանուր գործ: Այս փաստն ինքնին ողջունելի է՝ եթե մեր ժողովուրդներն ունակ չլինեն շփվելու իրար հետ ուղղակիորեն, ոչ մի ուժ չի կարող մեզ հաշտեցնել: Կարևոր է, որպեսզի ադրբեջանցի լրագրողներն այցելեն Հայաստան և Արցախ, իսկ հայաստանցի և արցախցի լրագրողները լինեն Ադրբեջանում և ի վերջո կարողանան աշխատել իրար հետ:
Մանրամասները Տեսանյութում