«Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանի գործով հարցաքննված վկաներից շատերը հանրությանը հայտնի անձինք են, դերասաններ, ովքեր բեմ են բարձրանում Երևանի Դրամատիկական թատրոնում, նկարահանվում սերիալներում: Գործի քննությունը մոտենում է ավարտին, ուստի ժամանակն է մանրամասնորեն ներկայացնելու հայտնի վկաների ցուցմունքները:
ՀՀ վաստակավոր արտիստ Գոհար Իգիթյանը դատարանում հարցաքննվել է այս տարվա ապրիլին ու թեև դատարանում գրավոր զգուշացվել է կեղծ ցուցմունքներ տալու դեպքում քրեական պատասխանատվության վերաբերյալ, Մարինա Պողոսյանը պնդում է, որ դերասանուհին ոչ միայն ստել է դատարանում, այլև կեղծ ապացույց է ներկայացրել քննչական մարմնին:
Գոհար Իգիթյանը դատարանում պատմել է, որ ճանաչում է Մարինա Պողոսյանին Արփի Մերասի միջոցով, իսկ Արփի Մերասին մոտիկից ճանաչել է իր ամուսնու՝ Դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանի միջոցով: «Մերասի բնակարանը երկար տարիներ մեր տրամադրության տակ է եղել, ամուսինս ապրել է այդտեղ, հետո տեղափոխվեց, սակայն բանալին երկար տարիներ մեզ մոտ էր: 2007 թվականից հետո, քանի որ ամուսնուս ընտանիքում դժբախտություն էր, առաջին ամուսնությունից ծնված տղան մահացավ, Արփին մտածեց, որ մեզ պետք չէ էդպես բանի տակ թողնել, մենք խրված ենք մեր խնդիրների մեջ, որոշեց բանալին մեզնից վերցնել ու փոխանցել իր վաղեմի բարեկամուհուն՝ Մարինա Պողոսյանին»,- նշել է դերասանուհին:
Մարինա Պողոսյանը Գոհար Իգիթյանին դատարանում հարց էր ուղղել՝ արդյոք իրենցից բանալի վերցնելու իրական պատճառը անվստահությունը չի՞ եղել. «Մերասի որդին ու հարսը եկել էին Հայաստան և դուք լինելով Աղվերանում տան բանալին չէիք տվել նրանց, որպեսզի իրենք կարողանան այդ բնակարանում մնալ: Ես ինքս եմ նրանց տարել Կողբացի փողոցի վրա գտնվող հյուրանոցում տեղավորել: Այդ դեպքից հետո Արփին վերցրեց ձեր մոտից բանալիները»,- պնդել է Մարինա Պողոսյանը: Նրա հարցին ի պատասխան Գոհար Իգիթյանն ասել է, որ նման բան չի եղել, ինքը չի հիշում: Պողոսյանն էլ հիշեցրել է, որ ինքն անձամբ է խոսել Արմեն Խանդիկյանի հետ և վերջինս ասել է, թե բանալի չենք տալիս, թող գնան հյուրանոցում մնան:
Վկայի խոսքով՝ 2015 թվականին իրենք ընկերներով՝ Սյուզան Մարգարյան, Հրաչյա Հարությունյան, Արթուր Ութմազյան և այլք հավաքված են եղել ամառանոցում, ապա զանգահարել են Արփի Մերասին նրա ծնունդը շնորհավորելու նպատակով: «Խոսելուց հետո Արթուր Ութմազյանն ասաց, բա չհարցրեցինք, Արփիի տունը վաճառվում է, մի հատ հարցնեինք՝ ինչի ա որոշել վաճառի, որովհետև Արփին տարիներ շարունակ ասում էր, որ ինքը 80 ամյակից հետո ավելի երկար ժամանակով էր ուզում գալ էստեղ»,- պատմել է Գոհար Իգիթյանը:
«Մեկ-երկու շաբաթ անց ես զանգահարեցի Արփիին, որպեսզի հարցնեմ՝ ինչի է որոշել վաճառել, գոնե մենք կիմանայինք այդ մասին, եթե ինքը որոշեր վաճառել: Արփին ասաց, որ իր Երևանի բնակարանը չի վաճառվում, ասացի, որ Արթուրը տեսել է, որ լուսամուտներին գրված է «վաճառվում է»: Արփին ասաց, ես կզանգեմ Մարինային կհարցնեմ, հետո հետ զանգեց ինձ, ասաց, որ նման բան չկա»:
ՀՀ վաստակավոր արտիստը ի վերջո զանգահարել է պաստառի վրա գրված հեռախոսահամարին ու պարզել, որ բնակարանն իսկապես վաճառվում է: Գոհար Իգիթյանի խոսքով՝ պաստառի վրա գրված հեռախոսահամարը հետագայում ինքը հայտնաբերել է իր հեռախոսահամարների գրքույկում: Նրա խոսքով, դեռևս 2012 թվականին, երբ Արփի Մերասը եկել էր երևան, իրեն տվել էր Մարինա Պողոսյանի տղայի հեռախոսահամարը, որը և Իգիթյանը գրել էր իր հեռախոսագրքի մեջ: Իգիթյանը հետագայում պարզել է, որ իր հեռախոսագրքի մեջ գրված համարն ու տան վաճառքի հայտարարության պաստառի վրայի համարը նույնն է, որը պատկանում է Մարինա Պողոսյանի որդուն: Դերասանուհին հեռախոսագիրքը լուսանկարահանել է և ներկայացրել քննչական մարմին՝ որպես ապացույց (տես լուսանկարը):
Մարինա Պողոսյանը Գոհար Իգիթյանի հարցաքննությունից հետո հայտարարել է, որ Գոհար Իգիթյանը ստում է և կեղծ ապացույց է ներկայացրել քննչական մարմնին: «Ես հայտարարում եմ, որ Գոհար Իգիթյանը տվեց կեղծ ցուցմունք: Փաստացի Գոհար Իգիթյանի ներկայացրած ապացույցը կեղծ ապացույց է և նա ստում է, որովհետև այդ հեռախոսահամարը պատկանել է իմ որդուն միայն 2013 թվականի փետրվարի 22-ից, այսինքն՝ 2012 թվականին Արփին որևէ կերպ չէր կարող այդ հեռախոսահամարը տալ Գոհարին, և նա չէր կարող դա 2012 թվականին գրած լիներ իր հեռախոսագրքում»:
Մարինա Պողոսյանը հետագայում դատարան է ներկայացրել «Արմենտել» ՓԲԸ-ի պաշտոնական գրությունը, որով ապացուցվում է, որ վերոնշյալ հեռախոսահամարը Մարինա Պողոսյանի որդու անունով է գրանցված 22.02.2013 թվականից (տես լուսանկարը):
Մարինա Պողոսյանը դատարանում նաև հայտարարել է, որ Գոհար Իգիթյանի ցուցմունքներն արժանահավատ չեն, քանի որ վերջինիս մոտ հակակրանք կարող է լինել իր նկատմամբ: Պողոսյանի խոսքով՝ Արմեն Խանդիկյանի նախկին կինը՝ Տաթևիկ Ղափլանյանը, երբ եկել էր Հայաստան, որպեսզի դատի տար նախկին ամուսնուն, իրեն էր դիմել օգնության համար: «Ես թույլ եմ տվել, որպեսզի Տաթևիկը ապրի իմ բնակարանում: Այդ պահից սկսած այս մարդիկ առանձնահատուկ հակակրանք ունեն իմ նկատմամբ: Նրանց տված ցումցունքներն արժանահավատ չեն, մանավանդ Գոհար Իգիթյանինը, ով սուտ ցուցմունք է տվել դատարանում»,- հայտարարել է Մարինա Պողոսյանը:
Այն որ Պողոսյանի ու դերասանական կազմի հարաբերությունները հարթ չեն եղել, պարզ է դառնում նաև Իգիթյանի ցուցմունքից: Դերասանուհին նշել է, որ Արփի Մերասը Մարինա Պողոսյանի հետ շատ ավելի մտերիմ էր, քան իրենց: «Արփին Մարինայի հետ միշտ առանձին էր հանդիպում, ես նկատել եմ, որ դա Մարինայի ցանկությունն էր, եթե մենք ընկերներով լինում էինք, ինքը չէր գալիս, շատ-շատ կգար մի 5 րոպեով, հետո գնում էր, ասում էր՝ երբ իրենք գնան, ես կգամ»:
ՀԳ. Գոհար Իգիթյանի ցուցմունքի համաձայն, 2015 թվականի օգոստոսին, երբ Արփի Մերասը եկել է Հայաստան, ասել է, որ շատ է ուզում հանդիպել ու խոսել Մարինայի հետ: Այնինչ հուլիս ամսին, երբ Մարինա Պողոսյանը տասնյակ անգամներ զանգահարել է Մերասին, որպեսզի հասկանա, թե վերջինս ինչու է հաղորդում ներկայացրել իր դեմ, Մերասը դիտավորյալ չի պատասխանել հեռախոսազանգերին, Իսկ երբ Արփի Մերասը Երևանում է եղել, Մարինա Պողոսյանին հանդիպել է միայն սեպտեմբեր ամսին, ըստ էության, համագործակցելով ոստիկանական գործակալների հետ, քանի որ այդ հանդիպումը գաղտնի ձայնագրվել է ոստիկանության կողմից և դրվել Մարինա Պողոսյանին առաջադրված մեղադրանքի հիմքում:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ www.1in.am