Այսօր՝ նոյեմբերի 2-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:20-ի սահմաններում Mitsubishi Colt մակնիշի 09 VP 077 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ ավտոճանապարհի Մխչան գյուղի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել հետիոտն Լիաննա Նալբանդյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Արտաշատի բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ Երևան: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝
վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օօպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում: Հնարավոր է ՝ նախապատրաստված նյութերը փոխանցվեն Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի
մարզային քննչական վարչություն: Ոստիկանությունը պարզում է վարորդի և վրաերթի ենթարկվածի ամբողջական տվյալները: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածը ավտոբուսից իջել է և ճանապարհի մյուս հանդիպակաց գոտում նրան սպասել են ծնողները և ակամա վերջիններս ականատես են եղել իրենց աղջկա վրաերթին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Mitsubishi Colt-ը հաշվառված է Վերին Արտաշատ գյուղի բնակիչ, 34-ամյա Արամ Անտոնյանի անվամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ shamshyan.com