Մահացել է երգիչ, երաժիշտ Արմեն Գեւորգյանը

Այսօր 56 տարեկանում կյանքից հեռացել է երգիչ, երաժիշտ Արմեն Գեւորգյանը: Երաժիշտը վերջին շրջանում առողջական խնդիրներ է ունեցել եւ երեք օր գտնվել է «Արմենիա» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում:

Արմեն Գեւորգյանը ծնվել է Գյումրիում: Ավարտել է տեղի ռուսական դպրոցը, այնուհետև մեկ տարի սովորել է Մոսկվայի Գնեսինների անվան ռուսական երաժշտական ակադեմիայում: Վերադարձել է Երեւան եւ ընդունվել «Հայհամերգի» էստրադային արվեստի ստուդիա: Աշխատել է Հայաստանի երգի պետական թատրոնում ստեղծման օրից մինչեւ 1994 թ.:

Մոսկվայում դասավանդել է Գնեսինների անվան ռուսական երաժշտական ակադեմիայում, միաժամանակ՝ Ժամանակակից արվեստի ինստիտուտում: 2004 թ. վերադարձել է Երեւան եւ մինչև 2011 թ. դասավանդել է Հայաստանի էստրադային-ջազային արվեստի պետական քոլեջում:

2009-11 թթ. եղել է Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության «Արևիկ» մանկական վոկալ-գործիքային անսամբլի գեղարվեստական ղեկավարը: Վերջին տարիներին նաեւ դասավանդում էր Երեւանի մշակույթի պետական քոլեջում:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.