Նոր Մանրամասներ. Մահացած զինվորն ազգությամբ եզդի էր, 9 ամսվա ծառայող

Այսօր մահացած զինծառայողը ազգությամբ եզդի էր, 9 ամսվա ծառայող։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում, խոսելով այսօր հրազենային վիրավորումից մահացած ժամկետային զինծառայող Արթուր Աջամյանի մասին, ասաց Արտաշարի համայնքապետ Մանվել Օհանյանը:

«Սոցիալապես ոչ վատ, ոչ էլ գերազանց վիճակում չեն, միջին պայմաններում են ապրում։ Նրա հետ մի քանի անգամ շփվել եմ, նորմալ, չափի մեջ, հասկացող ու խելոք երեխա էր։ Ծնողներն ամուսնալուծված էին, մոր  հետ ապրում էր Մասիսի տարածաշրջանում։ Իսկ հայրական տատիկ պապիկը մեր գյուղում են ապրում։ Հայրն ամուսնացել է, մի երեխա ունի, մայրը՝ չէ։ Մի քանի տարի էր, ինչ եկել էր տատի ու պապի մոտ էր ապրում»։

Համայնքապետն ասում է՝ մահվան հանգամանքների մանրամասներին դեռ տեղյակ չեն, լրատվամիջոցներից իմացան, որ դեպքը զինվորների մեջ է եղել։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արթուր Իշխանի Աջամյանը, իսկ զինծառայող, 1999թ. ծնված Դավիթ Հարությունի Մելիքբեկյանը վիրավորվել է: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Նշենք, որ դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.