Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ ավարտվել է Հրանտ Ասատրյանի գործի դատական քննությունը:
45-ամյա Հրանտ Ասատրյանին մեղադրանք էր առաջադրված դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:
Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի նոյեմբերի 30-ին, ժամը 15-ի սահմաններում Հրանտ Ասատրյանը ծանոթի՝ Արամայիսի բնակարանի հյուրասենյակում սպանել է Հայկ Վ.-ին:
Սպանության կասկածանքով Հրանտ Ասատրյանը ձերբակալվել է նույն օրը՝ ժամը 19-ին:
Ըստ մեղադրանքի՝ դեպքի օրը երեք տղամարդիկ Արամայիսի՝ Ալավերդու Սանահին թաղամասում գտնվող բնակարանում օղի են խմել, որի ժամանակ 65-ամյա Հայկը, ալկոհոլային հարբածության վիճակում ցանկություն է հայտնել Արամայիսի հետ փաստական
ամուսնական հարաբերությունների մեջ գտնված Մերիի (անունը փոխված է) հետ սեռական հարաբերություն ունենալու:
Հայկի ասածից վրդովվել է ոչ թե Արամայիսը, այլ… Հրանտը: Նա սեղանին դրված «Օրիգինալ» օղու շշով հարվածել է Հայկի դեմքին՝ դեմքի դիմային շրջանում պատճառելով առողջության ծանր վնասի հատկանիշներ պարունակող վնասվածքներ:
Հայկ Վ.-ն ընկել է հատակին, այդ ժամանակ Հրանտ Ասատրյանը մոտեցել է նրան ու բռունցքներով հարվածներ է հասցրել նրա գլխին ու մարմնի տարբեր մասերին:
Հայկ Վ.-ի ստացած վնասվածքներից էին քթի ոսկրերի բազմաբեկորային կոտրվածքները, գանգի հիմի ոսկրերի առաջային գանգափոսի շրջանի կոտրվածքը, գլխուղեղի կարծրենու, նրբենու և ուղեղանյութի արյունազեղումները և նրանցով պայմանավորված՝ գանգուղեղային փակ, բութ տրավման:
Ստացած ծանր վնասվածքներից Հայկ Վ.-ն տեղում մահացել է:
Հրանտ Ասատրյանն իրեն դատարանում մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, թե ինքը Հայկին շշով չի հարվածել ու չի սպանել: Դեպքի օրը իրենք երեքով նախ խմել են Հայկի բնակարանում: Հետո գնացել են Արամայիսի բնակարան: Վերջինս է թեման բացել՝ ասելով, թե իր տունը քանդողը՝ Մերիին իրենից բաժանողը Հայկն է, քանի որ նա մի քանի անգամ «կտրել է իր կնոջ առաջն ու առաջարկություն է արել»:
Ինքն ամոթանք է տվել Հայկին՝ ասելով՝ մարդու տանը հաց ես ուտում ու նրա կնոջն առաջարկությո՞ւն ես անում:
Իր և Հայկի միջև վեճ է առաջացել: Ինքը նստած տեղից՝ առանց կանգնելու, բռունցքով մի քանի անգամ հարվածել է Հայկի դեմքին: Նրա քթից արյուն է հոսել: Այդ ժամանակ Արամայիսն իրենց հետ չէր, ինքը չգիտի՝ ուր էր: Նա հիվանդ է, անընդհատ դեղեր է խմում, մի տեղ նստած չի մնում: Նրա տունը չորս սենյականոց է, նա կարող էր սենյակներից մեկում լինել:
Երբ Հայկի քթից արյուն է հոսել, ինքը նրան ասել է, որ գնա լվացի: Ասել ու դուրս է եկել պատշգամբում ծխելու:
Չգիտի՝ ինչքան է մնացել պատշգամբում, բայց երբ սենյակ է վերադարձել, տեսել է, որ Հայկը բերանի վրա ընկած է հատակին՝ արյան մեջ: Ինքը նրան ձեռք է տվել, տեսել է՝ սառած է: Հասկացել է, որ մահացել է:
Սեղանի անկյունում նստել, մի բաժակ օղի է խմել: Այդ ժամանակ ներս են մտել Արամայիսն ու ոստիկանները: Նրանք հարցրել են՝ ո՞վ է Հայկին խփել: Ինքն ասել է՝ ես եմ խփել ու լավ եմ արել:
Բայց ինքը պնդում է, որ Հայկին շշով չի հարվածել: Իր ներկայությամբ Արամայիսն էլ Հայկին չի հարվածել: Բնակարանում իրենք երեքով են եղել, բայց թե ով է Հայկին սպանել, ինքը չգիտի:
Արամայիսի հետ իրեն այդ օրն առերես հարցաքննել են, ու ինքը տեսել է, որ նրա ձեռքերն արյունոտ են: Նա ասել է, թե հատակի արյունը լվանալուց են ձեռքերն արյունոտվել, բայց հատակը լվանալուց ձեռքերը կմաքրվեին, ոչ թե կարյունոտվեին…
Նախաքննության սկզբում Հրանտ Ասատրյանը տվել է խոստովանական ցուցմունքներ, որոնց վերաբերյալ դատարանում ասել է, թե այդ ժամանակ եղել է շփոթված, «ուղեղը եղել է սառած՝ չի աշխատել», ինքը չի հասկացել, թե ինչ ցուցմունքներ են գրվել:
Խոստովանական ցուցմունքներում Հրանտն ընդունել է, որ ինքն է շշով հարվածել Հայկին, հետո հարվածներ է հասցրել բռունցքներով ու սպանել է նրան:
Հրանտն ասել է, թե վերջին շրջանում ապրել է իր մանկության ընկեր Արամայիսի բնակարանում: Ինքը ալկոհոլ է օգտագործում, վերջին շրջանում հիմնականում խմել է Արամայիսի ու Հայկի հետ:
Դեպքի օրը ինքն ու Արամայիսը խմել են վերջինիս տանը, իրենց է միացել նաև Հայկը:
Արամայիսը նստած էր իր դիմաց, Հայկը՝ կողքին: Ինքն ու Հայկը վիճել են, վեճը դարձել է կռիվ: Ինքը սեղանին դրված օղու շշով խփել է Հայկի գլխին, իսկ երբ նա ընկել է հատակին, ինքն ընկել է նրա վրա ու հինգ-տասը անգամ խփել է բռունցքներով:
Հրանտն ասել է, թե Հայկն «արժանի էր» այդպիսի վերաբերմունքի:
Հետագայում Հրանտը հրաժարվել է խոստովանական ցուցմունքներից:
Վկա Արամայիսը հայտնել է, թե Հրանտին ճանաչում է մանկուց, մի քանի ամիս առաջ նրան հրավիրել էր իր տանը ապրելու: Հայկին էլ է ճանաչում, երեքով պարբերաբար օղի էին խմում, Հայկն ու Հրանտը հաճախ վիճում էին: Նախկինում իրեն հաջողվում էր նրանց հաշտեցնել:
Խմած ժամանակ Հայկը բազմիցս իր ու Հրանտի ներկայությամբ հայտարարել է, թե կուզենար «հարմարվել» Մերիի հետ, այսինքն՝ սեռական կապի մեջ մտնել: Բայց Մերիի հետ ինքը փաստական ամուսնական հարաբերությունների մեջ էր մինչև վերջին շրջանը: Ամեն անգամ, երբ Հայկը խոսում էր Մերիի մասին, Հրանտը վիճում էր նրա հետ, պահանջում էր հեռու մնալ ընկերոջ կնոջից:
Դեպքի օրը, երբ երեքով իր տանը խմում էին, Հայկը նորից խոսել է Մերիի «հետ լինելու»՝ սեռական կապի մեջ մտնելու ցանկությունից: Հրանտը վիճել է Հայկի հետ: Նրանք սկսել են քաշքշել միմյանց հագուստներից:
Հրանտը սեղանից վերցրել է օղու շիշն ու հարվածել է Հայկի գլխին: Հայկն ընկել է հատակին, Հրանտը մոտեցել է նրան ու բռունցքներով հարվածներ է հասցրել: Ինքը չի կարողացել նրան հեռացնել, հետ պահել, այդ պատճառով անմիջապես գնացել է ոստիկանության աշխատակցի մոտ ու տեղեկացրել է կատարվածի մասին:
Արամայիսը պնդել է, որ Հրանտն է հարվածներ հասցրել Հայկին, նաև շշով է խփել: Այդ օրը իրենցից բացի՝ բնակարանում ոչ ոք չի եղել:
Վկա Մերին հայտնել է, թե մինչև 2016 թվականի հոկտեմբեր ամիսը փաստական ամուսնական հարաբերությունների մեջ է եղել Արամայիս Բ.-ի հետ, ապրել է նրա բնակարանում: Վատ ապրելակերպի ու մշտապես խմելու պատճառով բաժանվել է նրանից:
Երբ Արամայիսի տանն էր ապրում, նրա ընկերներ Հրանտն ու Հայկը հաճախ էին այցելում: Հրանտը օրերով ապրում էր Արամայիսի բնակարանում: Խմած ժամանակ երեքն էլ վիճում էին տարբեր հարցերի շուրջ:
Հայկը մի քանի անգամ ամուսնու և Հրանտի ներկայությամբ իրեն ասել է, թե կցանկանար տարիքով փոքր լինել ու իր հետ ամուսնանալ: Ինքը նրա ասածները լուրջ չի ընդունել:
Դեպքի ժամանակ ինքն արդեն Արամայիսից հեռացել էր, նրա բնակարանում չէր ապրում: Դեպքի հաջորդ օրը համացանցից է իմացել, որ Հրանտը սպանել է Հայկին:
Դեպքից հետո Արամայիսի բնակարան եկած ոստիկանները Հրանտի աջ ու ձախ ձեռքերի վրա արյան հետքեր են հայտնաբերել: Հրանտը հայտարարել է, թե Հայկի արյան հետքերն են… Նա ասել է, թե ինքն է հարվածներ հասցրել Հայկին, նրան դա «հասնում էր»:
Դատարանը Հրանտ Ասատրյանին մեղավոր է ճանաչել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով, և դատապարտել է 11 տարի ազատազրկման:
Պատժի սկիզբը՝ 2016 թվականի նոյեմբերի 30-ից:
Հրանտ Ասատրյանից հօգուտ տուժողի իրավահաջորդի՝ կբռնագանձվի 600 հազար դրամ՝ որպես տուժողի հուղարկավորության հետ կապված ծախսերի հատուցում:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ www.1in.am