Արմավիրի մարզում վիճաբանությունն ավարտվել է կարակոցներով. կա վիրավոր

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր. օր-ի 112 հոդվածի 1-ին մասի, 235 հոդվածի 1-ին մասի և 185 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է նոյեմբերի 26-ին «Արմավիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին ստացված ահազանգի փաստով։

Այդ օրը, ժամը 12։20-ի սահմաններում «Արմավիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ սրունքի զույգ ոսկրերի բաց բազմաբեկորային կոտրվածք, ոսկրային դեֆեկտով/ ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արամ Հովհաննիսյանը և ոստիկանության Արմավիրի բաժնի պետ Արմեն Խաչատրյանը։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղի բնակիչ՝ 62-ամյա Սաղաթել Վարդանյանն է։

Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, ոստիկանության Արմավիրի և Մեծամորի բաժինների ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ նույն օրը, ժամը 12։00-ի սահմաններում Արևիկ գյուղից դեպի Ալաշկերտ գյուղ տանող ճանապարհի դաշտամիջյան հատվածում վիճաբանության ժամանակ Ալաշկերտ գյուղի բնակիչ՝ 45-ամյա Արսեն Պետրոսյանը իր մոտ եղած «ԱԿ 74» տիպի 5,45 մմ տ/չ ինքնաձիգով կրակել է Ս. Վարդանյանի ոտքին՝ պատճառելով վնասվածք: Մանրամասները` SHAMSHYAN.com-ում:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.