Նոր մանրամասներ զինծառայողի մահվան դեպքից. Շատ գոհ է եղել ծառայությունից, երբեք չի բողոքել.

armlur.am-ը գրում է. Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր առավոտյան՝ ժամը 9:00-ի սահմաններում, շարքային Վահան Ռոբերտի Մուշեղյանի դին հայտնաբերվել էր ծառից կախված վիճակում: Մուշեղյանը Սյունիքի մարզի խոշորացված Տաթև համայնքի Տանձատափ գյուղից էր:

«Առավոտը լսել ենք, որ Վահանին կախված են գտել: Իր հայրը Տանձատափի վարչական ղեկավարն է, աշխատող, գյուղացի լավ մարդիկ են: Լավ ընտանիքից էր: Նա ընդունվել է Երևանի պետական համալսարանի իրավաբանության ֆակուլտետը, հինգ ամիս սովորելուց հետո զորակոչվել է բանակ»,-ասաց  Տաթև համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանը:

Ըստ մեր զրուցակցի՝ Վահան Մուշեղյանը մեկ եղբայր և մեկ քույր ուներ: Քույրը սովորել է Երևանի պետական բժշկական համալասարանում:

«Մայրը 10 օր առաջ է Ստավրոպոլից վերադարձել, և գնացել է զորամաս տղային տեսնելու, եղբայրն էլ կիրակի օրն է այցելել զորամաս: Շատ գոհ է եղել ծառայությունից, երբեք չի բողոքել: Ծնողներին փորձեցինք այնպես հայտնել լուրը, որ հանկարծ մի վատ բան չպատահի»,-նշեց նա:

 

Տաթև համայնքի ղեկավարի խոսքով՝ Վահան Մուշեղյանը ծառայել է շատ լավ, խելացի և հարգված է եղել բոլորի կողմից:

Իսկ, թե ինչն է եղել իրական պատճառը համայնքի ղեկավարը դժվարացավ պատասխանել:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.