Քիչ առաջ կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում. ժամը 10:00-ի սահմաններում «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրութուն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում:
Մինչ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար, Արմավիրի մարզի ոստիկաններն ու քննիչները օպերատիվ տվյալներով պարզել են, որ նա հիվանդանոց է տեղափոխվել Էջմիածին քաղաքի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու հետնամասում գտնվող գերեզմանների մոտից, իսկ նշված վայրում հայտնաբերվել է Mercedes E320 մակնիշի 75 MM 070 համարանիշի ավտոմեքենա, որի վրա կան կրակոցի բազմաթիվ հետքեր:
Փաստի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր օր-ի 34-104 հոդվածի եւ 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունը եւ ձեռնարկում են օպերատիվ-հետախուզական եւ քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ:
Այս պահին դեպքի վայրում աշխատում են ոստիկանության փորձաքրեագետները: Աղբյուրը հայտնում է. որ ոստիկանները, քննիչներն ու փորձաքրեագետները դեպքի վայրում հայտնաբերել են մեծ թվով ինքնաձիգից եւ «Մակարով» ատրճանակից արձակված պարկուճներ: Ավելի ուշ Արմավիրի մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ վիրավորը Արմավիրի մարզի բնակիչ, 27-ամյա Գուրգեն Առաքելյանն է: Նրա հայրը՝ Արմեն Առաքելյանը, տարիներ առաջ Ռուսաստանի Դաշնությունում ազատազրկման է դատապարտվել՝ թուրք սպանելու համար: