Արդեն 1 ժամից ավելի է, լարված իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում։ Ինչպես Արմավիր քաղաքից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մի քաղաքացի ներս է մտել Բաղրամյան փողոցում գտնվող «Մանուշակ» մանկապարտեզ, որտեղ պատանդ է վերցրել աշխատակիցներին և երեխաներին։ Այս պահին դեպքի վայր են ժամանել Ոստիկանության, Ազգային Անվտանգության ծառայության և քննչական վարչության աշխատակիցները։ Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը առաջին պահից դեպքի վայր են ժամանել Արմավիրի մարզի դատախազ Վահե Հովհաննիսյանն ու դատախազի տեղակալ Արամ Դոլինյանը: Նշված հատվածում ծառայություն են կատարում
Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները, ինչպես նաև Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Ոստիկանության Արմավիրի բաժնի աշխատակիցները։ Թե ինչ պահանջ է ներկայացրել նա, այս պահին ճշտվում է։
*** Քիչ առաջ դեպքի վայր ժամանեց նաև ՀՀ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի /6-րդ/ գլխավոր վարչության պետի 1-ին տեղակալ, Ոստիկանության գնդապետ Ալիկ Մարգարյանը, ով Արմավիրի մարզի ոստիկանապետ Արսեն Այվազյանի և վարչության պետի օպերգծով տեղակալ Սամվել Խմելյանի հետ փորձում են բանակցություններ վարել, որպեսզի քաղաքացին պատանդ վերցված երեխային ազատ արձակի: Այս պահին ոստիկանների բանակցությունների և բացատրական աշխատանքների արդյունքում բոլոր պատանդները բաց են թողնվել, մնացել է միայն մեկ հոգի՝ տղա երեխա: Տականքը բռնություն է կիրառել մանկապարտեզի դաստիարակչուհու նկատմամբ, ով վնասվածքներ է ստացել: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նա Արմավիր քաղաքի բնակիչ Արգամ Հովիկյանն է: Ժամանել են նաև Ոստիկանության քրեական հետախուզության
գլխավոր վարչության ծառայողները՝ վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Սամվել Ասատրյանի գլխավորությամբ: *** 18:00 Ֆոտոլրագրողը հայտնեց, որ քիչ առաջ ժամանեց նաև ՀՀ Ոստիկանության 1-ին տեղակալ, Ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ shamshyan.com