Զոհված զինծառայողի հոր աղմկահարույց հայտարարությունը. «Հակառակորդը թափանցել էր մինչև զորամաս, որդիս զոհվել է՝ նրանց հետ մարտ մղելիս»...

2016թ. ապրիլին զոհված ժամկետային զինծառայող Մհեր Երզնկյանի հայրն այսօր՝ հոկտեմբերի 27-ին, հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ աղմկահարույց հայտարարություն արեց. քննությամբ պարզվել է, որ որդին զոհվել է զորամասում՝ հակառակորդի կողմից:

Մհեր Երզնկյանի հայրը՝ Արամայիս Երզնկյանը պատմեց, որ որդին ծառայել է Հայաստանի Հանրապետությունում, զոհվել է ՀՀ տարածքում 2016թ. ապրիլի 6-ին, սակայն պաշտպանություն նախարարությունն ի սկզբանե նրան ներկայացրել է որպես ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում զոհված զինծառայող:

«Սկզբում ինձ ասացին, որ ինքնավնասում է արել տղաս, 1 տարվա քննությունից հետո՝ այս տարվա մայիսին, պարզվեց, որ հակառակորդը թափանցել է մինչեւ զորամաս եւ իմ տղան այդ պայմաններում է զոհվել: Իմ տղան այդ գիշեր հերթապահության է եղել, շարժ է նկատել, դուրս է եկել, սկսել կրակել, հենց այդ ժամանակ էլ ինքը մահացու վիրավորում է ստացել: Այսքանից հետո ինձ ասում էին՝ Հայաստանի Հանրապետության շահերից չի բխում, որ այս ամբողջը հրապարակվի, ես այսքան լռել եմ, բայց հիմա պետք է խոսեմ: Իմ տղուն առ այսօր մի մարտական շքանշան չեն տվել, իմ տղան մարտ է մղել, պայքարել է թշնամու դեմ, բայց տեղեկանքի մեջ գրել են՝ զոհվել է ծառայողական պարտականությունները կատարելիս, թե ում կողմից է զոհվել, չի նշվում, բայց եթե հակառակորդի կողմից չլիներ, զոհվածի կարգավիճակ տղուս չէր տրվի»,- ասաց նա:

Արամայիս Երզնկյանը պատմեց, որ որդին ընդամենը 2.5 ամսվա զինծառայող է եղել: Երզնկյաններն ամսական 30 հազար դրամ են ստանում, չնայած որ ի սկզբանե հայտարարվում էր, թե ինքնավնասում է եղել: Այլ օժանդակություն պետության կողմից ընտանիքը չի ստացել:

«Ասում են՝ կայացած բանակ ունենք, բա այդ դեպքում ո՞նց ենք թույլ տալիս, որ հակառակորդը մինչեւ զորամաս հասնի»,- խոսքը եզրափակեց զոհված զինծառայողի հայրը:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ news.am