«Կյանք ա, ամեն բան պատահում ա». Կոտայքի մարզում 42-ամյա տղամարդը մորաքրոջ որդուն սպանել է 15 հազար դրամ պարտքի պատճառով. 1in.am

1in.am-ը գրում է. Վերաքննիչ քրեական դատարանում սկսվեց և ավարտվեց Զաուր Ա.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

 

Գործը քննվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Գոռ Շահբազյանի նախագահությամբ:

42-ամյա Զաուրին մեղադրանք էր առաջադրվել տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:

 

Տուժողը Զաուրի մորաքրոջ որդին է:

Ըստ մեղադրանքի՝ 2018 թվականի նոյեմբերի 4-ի առավոտյան Զաուր Ա.-ն հեռախոսազրույց է ունեցել մորաքրոջ որդու՝ Վալերի Ա.-ի հետ՝ իրեն պարտք գումարը վերադարձնելու շուրջ: Մերժում ստանալով՝ ժամը 10-ի սահմաններում Զաուր Ա.-ն գնացել է Վալերիի տան բակ, նույն հարցի շուրջ վիճաբանել է նրա հետ ու իր մոտ եղած ծալովի դանակով մեկ անգամ հարվածել է վերջինիս որովայնին՝ պատճառելով ձախ թուլակողի ծակած-կտրած թափանցող վերքի ձևով առողջության ծանր վնաս:

Ընդհանուր իրավասության դատարանում Զաուր Ա.-ն իրեն մեղավոր է ճանաչել:

Դատարանը հաշվի է առել, որ Զաուր Ա.-ն ընդունել է մեղքը, զղջացել է, 1996-ից մինչև 2005 թվականները պայմանագրային հիմունքներով ծառայել է ՀՀ զինված ուժերում: Զաուր Ա.-ի խնամքին են 2 անչափահաս երեխաները՝14 և 12 տարեկան:

Դատարանն արձանագրել է, որ Զաուր Ա.-ն 2013 թվականի նոյեմբերին ՌԴ Իզմայլովսկի դատարանի դատավճռով դատապարտվել է ազատազրկման, սակայն այդ դատավճիռը ՀՀ-ում ճանաչված չլինելու հիմքով Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Զաուր Ա.-ի արարքում ռեցիդիվ չի արձանագրել, ամբաստանյալին համարել է դատվածություն չունեցող անձ:

Միաժամանակ դատարանն արձանագրել է, որ Զաուր Ա.-ն նախապես իր հետ վերցրած դանակով, որ շեղբի երկարությունը 95 մմ էր, հարվածել է տուժողի կենսական կարևոր օրգանների շրջանին, պատճառել է կյանքի համար վտանգավոր ծանր վնաս: Նա այդ արարքը կատարել է «ուղղակի դիտավորությամբ, գիտակցել է իր արարքի հանրային վտանգավորությունը, նախատեսել է տուժողի առողջությանը վնաս պատճառելու անխուսափելիությունը»:

Դատարանն արձանագրել է նաև, որ գործով տուժող Վալերիի պարտքը Զաուրին կազմել է… 15 հազար դրամ, այդ պարտքի վերադարձը ուշացնելու պատճառով է ծագել վեճը մորաքրոջ որդիների միջև: Դանակով մորաքրոջ որդուն հարվածելուց հետո Զաուր Ա.-ն չի փորձել օգնություն ցուցաբերել, դրսևորել է հետհանցավոր բացասական վարք ու դիմել է փախուստի:

Դատարանն արձանագրել է, որ Զաուր Ա.-ի անձն ու նրան մեղսագրված արարքը հանրային վտանգավորության բարձր աստիճան ունեն, ինչը հաշվի առնելով՝ դատարանը անթույլատրելի է համարել պայմանական դատապարտության կիրառումը և վճռել է ամբաստանյալին դատապարտել իրական ազատազրկման:

Զաուր Ա.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով և դատապարտվել է 3 տարի 6 ամիս իրական ազատազրկման: Պատժի սկիզբը կհաշվվի նրան փաստացի արգելանքի տակ առնելու պահից:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր բերել ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Գ. Մարգարյանը՝ խնդրելով պատժի մասով՝ մեղմացման առումով, փոփոխել դատավճիռը, Զաուր Ա.-ի նկատմամբ կիրառել պայմանական դատապարտություն կամ նրան դատապարտել ավելի մեղմ պատժի:

Վերաքննիչ քրեական դատարանում ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Գ. Մարգարյանը ներկայացրեց Զաուր Ա.-ի վատառողջությունը հիմնավորող բժշկական փաստաթղթեր, խնդրեց, որ դատարանը հաշվի առնի դրանք, ինչպես նաև՝ իր պաշտպանյալի խնամքին երկու անչափահաս երեխաների առկայությունը, և մեղմացնի պատիժը, իրական ազատազրկում չսահմանի:

Զաուր Ա.-ն իր հերթին խնդրեց, որ դատարանը մեղմ վարվի իր հետ: Նա վստահեցրեց, որ ինքը հաշտվել է տուժողի՝ իր «հարազատի» հետ, իսկ երբ ինքը ստացիոնար բուժվում էր երևանյան բուժհաստատություններից մեկում, տուժողը անձամբ եկել է իրեն այցի, այսինքն՝ լրիվ հաշտվել է:

Զաուր Ա.-ն նշեց, թե զղջում է, վեճի ժամանակ նյարդայնացել է, տուժողն էլ չի զիջել, ու ստացվել է այն, ինչ ստացվել է:

«Կյանք ա, ամեն բան պատահում ա»,- փիլիսոփայական երանգով եզրահանգեց ամբաստանյալը:

Ռուսաստանում դատվածության վերաբերյալ հարցին Զաուր Ա.-ն պատասխանեց, թե դատվել է խուլիգանության համար, կրել է ազատազրկման ձևով պատիժ, դրանից հետո եկել է Հայաստան…

Դատարանի դահլիճը դուռը հանկարծ թակեցին, անհամարձակ ներս մտավ տաք-տաք հագնված միջին տարիքի մի տղամարդ ու հարցրեց. «Կարելի՞ է»:

Պարզվեց՝ այս գործով տուժող Վալերի Ա.-ն է: Նրա ներկայանալը, սակայն, բոլորովին չբարելավեց ամբաստանյալի վիճակը, քանի որ տուժողը պաշտպանական կողմի բերած վերաքննիչ բողոքի դեմ առարկեց այնպես, ինչպես որ առարկեց մեղադրող դատախազ Ս. Մինասյանը:

Տուժողն ասաց, թե չորս երեխաների հայր է, երկուսը չափահաս են, երկուսը՝ անչափահաս: Զաուրի արարքի պատճառով ինքը կարող էր զրկվել կյանքից, զրկվել է առողջությունից: Վերջերս ենթարկվել է երկրորդ վիրահատության, քանի որ ստացած վերքը նորից բորբոքվել էր:

Տուժողը նույնիսկ ցանկացավ բարձրացնել հագուստը և ցույց տալ վերքը, սակայն դատարանը զսպեց նրան:

Տուժողն ընդունեց, որ մորաքրոջ որդի Զաուրից 15 հազար դրամ էր վերցրել: Զաուրն իր մոտ էր ուղարկել ընկերոջը, որ ինքն այդ պարտքը վերադարձնի: Ինքն էլ այդ մարդուն տվեց 7 հազար դրամ, ցույց տվեց, որ մնացած 8 հազար դրամն էլ գրպանում է, բայց ասաց՝ չի տա, մինչև Զաուրը չվերադարձնի իր գազի բալոնը:

Այդ ընկերը գնաց, քիչ հետո Զաուրը զանգեց իրեն, հետո եկավ իրենց բակ, իրեն դուրս կանչեց: Երբ ինքը պահանջեց, որ նա վերադարձնի իր գազի բալոնը, նա հանեց դանակն ու հարվածեց իր որովայնին… Մի՞թե հարազատ մարդն այդպես կվարվեր…

Տուժողն ընդունեց, որ այցելել է երևանյան բուժհիմնարկում գտնվող Զաուրին, բայց խիստ զայրացել է, երբ նա, փոխանակ հետաքրքրվելու իր առողջական վիճակով, ասել է՝ տվյալ հաստատությունում գտնվելը կօգնի՞, որ չազատազրկեն…

Վիրավորված տուժողը կտրականապես հայտարարեց, թե չի հաշտվում մորաքրոջ որդու հետ, այլ պահանջում է, որ վերջինս իրական պատիժ կրի…

Մանրամասները սկզբնաղբյուրում:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.