Ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողների մայրերը մտավախություն ունեն, որ օրենքը կարող է չգործել եւ իրենց որդիներին բանակ կզորակոչեն:
Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, լրագրողների հետ հանդիպմանն ապրիլի 4-ին զոհված Արամայիս Միքայելյանի մայրը՝ Լիլիթ Ավագյանը, հայտարարեց, որ ոչ մի պարագայում թույլ չի տալու երկրորդ որդուն մեկնել ծառայության:
«Հիմա հայտարարում եմ՝ թող հանկարծ ոչ մեկը չսխալվի ու մեր տան դուռը թակի որդուս բանակին ծառայելու հարցով, ես երկրորդ տղա չունեմ բանակ ուղարկելու: Արամայիսս ավելին է արել էս երկրի համար, հետեաբար, երկրորդ տղաս ծառաության չպիտի գնա: Ես ուզում եմ հստակ իմանալ, որ օրենքն իսկապես գործում է եւ երկրորդ որդուս բանակ չուղարկեմ: Մենք չունենք կայացած բանակ, որ երկրորդ տղուս ուղարկեմ բանակ: Մեզ ասում են՝ հպարտ եղեք, հերոսի մայրեր եք, ես հպարտ չեմ, ես հպարտ կլինեի, եթե որդիս ծառայեր, հետ գար»,- ասաց զոհված զիծառայողի մայրը:
Ապրիլի 2-ին զոհված Ժորա Եսայանի մայրը՝ Մարինե Հակոբյանը, նույնպես պնդում է, որ որեւէ դեպքում երրորդ որդուն բանակ չի ուղարկելու:
«Երկրորդ որդիս այդ ժամանակ Քարվաճառում էր ծառայում, Ժորայիս դեպքից հետո տեղափոխեցին Էջմիածին: Երրորդ որդուս ոչ մի դեպքում թույլ չեմ տա մեկնել ծառայության»,- ասաց զոհված զինծառայողի մայրը:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ news.am