1in.am- ը գրում է. Մինչ բուն Հոկտեմբերի 27-ի իրադարձություններին, դրանց հետևանքներին անդրադառնալը՝ կարևոր եմ համարում անդրադարձ հարցին, թե արդյոք Հայաստանում հնարավո՞ր է այդ ոճրագործության կրկնությունը, մանավանդ որ դրա հիմնական շահառուն հաճախ բացահայտորեն ցուցադրում է իր ոչ բարեհաճ վերաբերմունքը հեղափոխության, Նիկոլ Փաշինյանի իշխանության հանդեպ: Օրինակ՝ Ժիրայր Սեֆիլյանը պարբերաբար կրկնում է, որ Մոսկվան ձգտում է իշխանությունից հեռացնել Փաշինյանին՝ ակնարկելով սադրանքի, դավադրության մասին: Իհարկե, դավադրական վարկածներ կարող էինք չքննարկել, եթե, օրինակ, նախկին համակարգի ներկայացուցիչները պարբերաբար հանդես չգան բռնության կոչերով: Թարմ օրինակը Վիտալի Բալասանյանի հարցազրույցն է, որտեղ խտացված են նախկին համակարգի, նրա հյուսիսային հովանավորների ցանկությունները:
Ի վերջո, անցած տարիներին եղել են ռուսական շանտաժի դրսևորումներ՝ բոլորիս ստիպելով վերապրել Հոկտեմբերի 27-ի կրկնության վտանգը: Օրինակ՝ տարիներ շարունակ ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիրը բանակցած Սերժ Սարգսյանը ինչո՞ւ մի գիշերվա մեջ որոշեց Հայաստանը տանել եվրասիական ճահիճ: Գուցե վախեցավ նաև իր անվտանգությա՞ն համար՝ աչքի տակ ունենալով Հոկտեմբերի 27-ի նախադեպը:
Կամ՝ երբ Նիկոլ Փաշինյանն անընդհատ խոսում է արտաքին քաղաքականության անշրջելիության մասին, ակնհայտորեն փորձում է մեղմել ռուսական ռիսկերը:
Իհարկե, դա շատ պարզունակ հնարք է Մոսկվայի ճնշումները կամ սադրանքները կանխելու համար, որովհետև ցանկացած լեգիտիմ իշխանություն ինքնին Կրեմլի թշնամին է:
Լեգիտիմության աղբյուրը հասարակությունն է, նրա աջակցությունը, որը ցանկացած իշխանության դարձնում է անկաշկանդ՝ հաշվետու դարձնելով ժողովրդի առաջ ու նրան ազատելով աշխարհաքաղաքական կենտրոններին հնազանդ լինելու բարդույթից:
Վազգեն Սարգսյան-Կարեն Դեմիրճյան տանդեմը Մոսկվայի սրտով չէր ոչ այն պատճառով, որ արևմտյան կողմնորոշում ուներ:
Բացարձակապես, խնդիրն այլ հարթության վրա է. հասարակության մանդատն ու անհատական խարիզման, արժեքային համակարգն այս գործիչներին երբեք թույլ չէին տա համաձայնել Հայաստանի ռուսական վասալությանը, «Գույք՝ պարտքի դիմաց» տխրահռչակ ծրագրին, եթե նույնիսկ այս գործիչների կենսագրության մի շրջան օբյեկտիվորեն կապված է ռուսական էլիտայի հետ:
Ըստ այդմ՝ գործի դրվեց հրեշավոր ոճրագործության ծրագիրը, մանավանդ Հայաստանի իշխանության ներսում Մոսկվան ուներ Ռոբերտ Քոչարյանի նման դաշնակից, որն հանուն իշխանության ու փողի պատրաստ էր քայլել անգամ պետականության վրայով:
Կարծում եմ՝ այսքանից հետո պարզ է, թե ինչու Մոսկվայի համար անընդունելի պետք է լինի Նիկոլ Փաշինյանը, մանավանդ որ նրա իշխանությունը հանգեցրել է քրեաօլիգարխիայի տապալման, որը հանդիսանում է ռուսական դեստրուկտիվ ազդեցության կարևոր գործիքներից մեկը: Էլ չեմ ասում այն մասին, որ Փաշինյանը հեղափոխության ծնունդ է, ինչն արդեն նրան օտար է դարձնում պուտինյան Ռուսաստանի համար:
Այս ամենով հանդերձ՝ Հոկտեմբերի 27-ի կրկնությունը գրեթե բացառելի է:
Պատճառները մի քանիսն են, առաջին հերթին՝ Հայաստանի հասարակության սուբյեկտության աննախադեպ բարձր մակարդակը: Մոսկվայի խնդիրը ոչ այնքան Փաշինյանի իշխանությունն է, որքան՝ Հայաստանի հասարակությունն է, որի ձգտումների կրողը հենց հեղափոխության թիմն է:
Մոսկվայում գիտակցում են, որ նոր Հոկտեմբերի 27-ը Հայաստանում չի վերականգնելու ռուսական վասալության ռեժիմը, ճիշտ հակառակը՝ դառնալու է ռուսական կայսրության գահավիժման վերջնական ազդակ:
Մյուս կողմից՝ Հայաստանի գործող իշխանության ու մագիստրալ ուժերի մեջ բացակայում են ականները, նոր Հոկտեմբերի 27-ի շահառուները: Ռուսական ազդեցության գործակալները բանտերում են կամ դրա ճանապարհին: Զուր են Մոսկվայում հույսները դրել Արցախի ընտրությունների ու դրանց միջոցով՝ ռևանշիզմի գեներացման վրա: Հայաստանի ու Արցախի ժողովուրդները միասնական են, ու ԼՂՀ հաջորդ տարվա ընտրությունները հայկական երկրորդ պետությանն ամբողջովին ինտեգրելու են հետհեղափոխական իրականությանը: Մանրամասները սկզբնաղբյուրում:
Մանրամասները Տեսանյութում