Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 21:40-ի սահմաններում Mercedes մակնիշի 34 PՍ 221 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում՝ դեպի Արտաշատ ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և մխրճվել ճանապարհը բաժանող երկաթե արգելապատնեշների մեջ: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են
Էրեբունի բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամաատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ փրկարարները հատուկ
տեխնիկայի օգտագործմամբ են կարողացել երկաթե արգելապատնեշները դուրս բերել ավտոմեքենայի միջից և երջանիկ պատահականություն է, որ վթարի հետևանքով զոհեր չունենք: Դեպքի վայր ժամանած վիրավորների հարազատները ասում էին, որ Էրեբունու բժիշկների ճիշտ և օպերատիվ գործողությունների շնորհիվ վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է
Ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղի ց ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, այսօր նշված հատվածում նույնատիպ ավտովթար էր տեղի ունեցել ու ցավոք՝ ողբերգական:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ shamshyan.com