ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում Հայկ Հարությունյանի մահվան դեպքի հանգամանքներ պարզելու ուղղությամբ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:
Նախնական տվյալներով՝ 2019 թվականի սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23: 59-ին ահազանգ է ստացվել, որ Բջնիի առանձնատներից մեկում դի կա:
Դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբ, որտեղ գլխի շրջանում հրազենային վիրավորումով հայտնաբերվել է Հայկ Հարությունյանի դին:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որտեղ հայտնաբերվել է արնանման հետքեր: Հայտնաբերվել է հրազեն և պարկուճ: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Հայկ Հարությունյանը 2003-2008 թվականները զբաղեցրել է ՀՀ ոստիկանության պետի պաշտոնը: